24 ապրիլի 2013 - 13:28 AMT
Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի հրեական համայնքը գրավոր ուղերձ է հասցեագրել Իսրայելի Քնեսեթի պատգամավորներին՝ խնդրելով քննարկել 1915թ. օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացման հարցը և ճանաչել այդ սարսափելի ոճրագործությունը որպես Ցեղասպանություն: «Նման ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ և չպետք է մոռացության մատնվեն»,-ասվում է ուղերձում

Նամակում ասվում է, որ համայնքը նաև մտահոգված է հակահրեական դրսևորումների աճով աշխարհում, ինչպես նաև Հոլոքոսթի խայտառակ ժխտմամբ, որի դեպքերը, վերջին տարիներին, ցավոք հաճախակի են դարձել: «Խնդրում ենք ձեղ ձեր ձայները միացնել այն քսանից ավելի երկրներին, որոնք ճանաչել ու դատապարել են Հայոց ցեղասպանությունը: Հասունացել է հայ ժողովրդին մարդկային կարեկցանք ցուցաբերելու բարոյական անհրաժեշտությունը: Այդ քայլը կդառնա հրեական Պետության անկախության ու մեծության ծանրակշիռ ապացույցը»,-ասվում է նամակում:

Հայաստանի հրեական համայնքը նաև շնորհավորել է Քնեսեթի նոր գումարման նորընտիր պատգամավորներին: