24 ապրիլի 2013 - 13:24 AMT
Վ. Չախալյան. Վրացի մտավորականները գիտակցում են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտություն կա

Ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:

Վահագն Չախալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջին բանը, որ պետք է անի ցանկացած հայ, Եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելն է ու նաև վրեժխնդրությունը, իսկ վրեժխնդրությունը կլինի Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը:

Նա նշեց, որ ճիշտ կլինի խնդիրը լուծել իրավական դաշտում և պետք է դատի տալ Թուրքիային: Նա նկատեց, որ Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր են սկսել կատարել.

«Հասարակական կազմակերպությունները դիմել են Վրաստանի խորհրդարան՝ Ցեղասպանությունը ճանաչելու կոչով»:

Չախալյանը նկատեց, որ նման նախաձեռնությամբ հանդես են եկել նաև վրացական հասարակական կազամակերպությունները.

«Հետաքրքիր միտում կա. վրաց հասարակության մտավորական հատվածը գիտակցում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտություն կա և եթե իրենց վերաբերմունքը հայերի և Հայաստանի նկատմամբ անկեղծ է և իրենք իսկապես ցանկանում են ռազամավարական համագործակցություն ունենալ, պետք է ճանաչեն Ցեղասպանությունը»,-ասաց նա և հավելեց, որ Վրաստանը ևս տուժել է Օսմանյան կայսրության քաղաքականությունից և նրանք հայերի ցավը պետք է որ լավ հասկանան:

Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Վրաստանի կողմից դժվարացնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած սերտ համագործակցությունը և դա խանգարում է ոչ միայն Ցեղասպանության ճանաչմանը, այլ նաև Ջավախքի հարցում տարովղ քաղաքականությանը:

«Սահակաշվիլու ռեժիմը ֆինանսավորվում է թուրք-ադրբեջանական աղբյուրներից, բայց միևնույն է՝ Վրաստանում տրամադրությունները փոխվել են և շատերն են հասկանում, որ այդ քաղաքականությունը սխալ է»: