29 նոյեմբերի 2005 - 14:09 AMT
2006 թվականի սկզբին GRECO-ն կներկայացնի Հայաստանում հակակոռուպցիոն գործունեության իր գնահատականը
Նախօրեին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի` Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պետությունների հատուկ խմբի (GRECO) նախագահ Դրագո Կոսին եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Դ.Կոսը Հայաստանում է գտնվում վաղը Երեւանում մեկնարկելիք «Ազգային եւ միջազգային հակակոռուպցիոն իրավական գործիքներ եւ լավագույն փորձ» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ տնտեսական ու բնապահպանական հարցերի համակարգողի գրասենյակի կողմից` ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի հետ համատեղ: ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել դեռեւս 2003թ. ընդունված ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված եռամյա գործունեության ծրագրի կատարման ընթացքին, որի արդյունքները հիմք են հանդիսացել նշված ոլորտում համագործակցող երկրներին ու միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության համար:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ 2004թ. հունվարից հանդիսանալով GRECO-ի անդամ, Հայաստանը, այդ կազմակերպության ընթացակարգերի համաձայն, կատարել է բոլոր անհրաժեշտ պահանջները: Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել են Կոռուպցիայի դեմ պայքարի քրեական, ինչպես նաեւ քաղաքացիական իրավունքի եվրոպական կոնվենցիաները, ստորագրվել եւ վավերացման է նախապատրաստվում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ GRECO-ին անդամակցությունից ի վեր մեր հանրապետությունը ներկայացրել է այդ կազմակերպության գնահատման առաջին եւ երկրորդ շրջանների հարցաշարերի համալիր պատասխանները, իսկ այս տարվա մայիսին աշխատանքային այցով Հայաստան ժամանած GRECO-ի գնահատման խմբի հետ հանդիպումներին ակտիվորեն մասնակցել են ՀՀ կառավարության եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:

GRECO-ի խմբի նախագահ Դրագո Կոսը նախ շնորհավորել է վարչապետին` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կապակցությամբ, որի նախնական դրական արդյունքներին տեղեկացել է զանգվածային լրատվամիջոցներից: Բարեփոխված Սահմանադրությունը, ըստ նրա, հնարավորություն կտա, որ Հայաստանը դառնա շատ ավելի ժողովրդավարական, միջազգային չափանիշներին համապատասխանող երկիր: Գոհունակություն հայտնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ նրա օրակարգային խնդիրներից է, Դրագո Կոսն այդ համատեքստում օրինաչափ է համարել, որ GRECO-ին անդամակցելու առաջին իսկ օրվանից Հայաստանն ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային այդ կազմակերպության շրջանակներում:

Նա տեղեկացրել է, որ 2006թ. սկզբներին նախատեսվող CRECO-ի լիագումար նիստում գնահատական կտրվի Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որին կհետեւեն այդ կազմակերպության առաջարկությունները: Ի պատասխան Անդրանիկ Մարգարյանը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը դրանք քննարկելու եւ հետագա գործունեության ընթացքում նկատի առնելու վերաբերյալ, մանավանդ որ, ըստ նրա, հակակոռուպցիոն պայքարը տեւական գործընթաց է եւ յուրաքանչյուր երկիր` հաշվի առնելով միջազգային փորձը, պետք է մշակի եւ իրականացնի այդ չարիքի դեմ ուղղված իր ազգային ծրագիրը: Դրագո Կոսը խոսել է նաեւ GRECO-ի կողմից անդամ երկրների գնահատման երրորդ շրջանի նախապատրաստման մասին, որը վերաբերելու է քաղաքական կոռուպցիայի խնդիրներին: Ըստ նրա, դա միանգամայն նոր գաղափար է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Նա ընդգծել է, որ այդ եւ կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ այլ խնդիրները, ինչպես նաեւ դրանց հաղթահարման գործում Հայաստանին ցույց տրվելիք աջակցության ուղիներն ու մեթոդները կքննարկվեն վաղվա միջազգային համաժողովում եւ հրավիրել է վարչապետին մասնակցելու կարեւոր այդ միջոցառմանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ համաժողովը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա եւ հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքին: