24 ապրիլի 2013 - 18:42 AMT
Ապրիլի 24-ն ԱՄՆ Սանտա-Կլառա շրջանում այսուհետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կլառայի շրջանում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ շրջանի ղեկավարությունը` Կառավարիչների խորհուրդը, բանաձև է ընդունել, որով 2013թ. ապրիլի 24-ը Սանտա-Կլառայի շրջանում հռչակվել է «1915-1923թթ-ի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

Միջոցառումն անցկացվել է Կառավարիչների խորհրդի շենքում: Ներկա են եղել Կուպերտինո քաղաքի Սբ Անդրեաս եկեղեցու (պատկանում է Հայկական առաքելական եկեղեցուն) քահանա Տաթև Հարությունյանը, խորհրդի մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բանաձևը ներկայացրել են Խորհրդի անդամներ Ջո Սիմիթյանը և Դեյվ Կորտեսը: Սիմիթյանն այնուհետև Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթով է ներկայացել, խոսել է Մեծ Եղեռնի պատճառների և հետևանքների մասին, ընդգծել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հիշելու և դատապարտելու կարևորությունը: