
Ապրիլի 24-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որի ընթացքում քաղաքի ու շրջակա գյուղերի հայությունը սկսել է հավաքվել եկեղեցում, որպեսզի մասնակցի ամենամյա պահանջատիրական բողոքի երթին:
Եկեղեցում Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղան երիտասարդներին բաժանել է Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու և դատապարտելու գրություններով շապիկներ:
Այնուհետև ժողովուրդը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացել է Մարդա թաղամաս, որտեղ և տեղադրված է Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար հուշակոթող:
Հուշարձանի մոտ ժողովուրդը ծաղիկներ և ծաղկեպսակներ է դրել ու աղոթել Ցեղասպանության զոհերի ոգիների հանգստյան համար:
Պահանջատիրական բողոքի երթին մասնակցելու համար հայոց դպրոց չէին հաճախել աշակերտները, ովքեր չէին կարող հանդուրժել այն փաստը, որ դպրոցին չէին թույլատրել չորրորդ դասից հետո միանալ Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: