25 ապրիլի 2013 - 11:04 AMT
Բ.Սահակյան. Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը և այս համատեքստում արժևորել է եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանի հետ կապերի հաստատումն ու խորացումը: Երկուստեք նշվել է փոխգործակցության համար հնարավորությունների լայն դաշտի առկայությունը և այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: