29 նոյեմբերի 2005 - 19:26 AMT
Նոյեմբերի 15-ին Բաքվում վայրէջք է կատարել Կենտրոնական հետախուզական վարչության հերթական ինքնաթիռը
ԿՀՎ տարբեր խնդիրներ կատարող գաղտնի ամերիկյան ինքնաթիռը հերթական անգամ վայրէջք է կատարել Բաքվում մի քանի օր առաջ` նոյեմբերի 15-ին: Այդպիսի սենսացիոն տեղեկատվություն է տարածել թուրքական «Հյուրիեթ» թերթը` վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդիրիմին: Պարզվեց, որ ԿՀՎ կեղծ Path Corporation ավիաընկերությանը պատկանող DeHavilland Dash 8-315B ինքնաթիռը նոյեմբերի 15-ին վայրէջք է կատարել Ամստերդամից Բաքու թռչելիս: Ըստ Յըլդիրիմի, ինքնաթիռը «տեխնիկական վայրէջք» է կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում:

Ինչպես բազմիցս նշվել է, ինքնաթիռը «սպասարկում է ԿՀՎ գաղտնի բանտերը` ահաբեկչության մեջ կասկածվող անձանց տեղափոխելով մեկ երկրից մյուսը: Այն մասին, որ այդ ինքնաթիռը բազմիցս անգամ վայրէջք է կատարել Բաքվում, ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են դեռեւս 1,5-2 տարի առաջ: Իսկ վերջերս Եվրոպայի խորհուրդը սկսել է հետաքննել իրավիճակը: Իրենց տարածքում ամերիկյան«գաղտնի բանտեր» ունեցող երկրների թվում նշում են Ռումինիան, Լեհաստանը եւ Ադրբեջանը: Մինչ այժմ ԱՄՆ-ն հրաժարվում էր հաստատել կամ հերքել այդ հաղորդագրությունները:

Ադրբեջանցի իրավապաշտպաններից մեկը` Մուրադ Սադադդինովը նշել է, որ «անհրաժեշտ է դեռեւս ճշտել Ադրբեջանում «գաղտնի բանտերի» առկայության փաստը եւ ճշտել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ԿՀՎ ինքնաթիռը»: «Ըստ երեւույթին, այդ ինքնաթիռները ոչ թե «բանտեր են», այլ փոխադրամիջոց: Եթե ԵԽ-ն ինչ-որ բան հաստատի, ապա առաջին հերթին պետք է որոշվի, թե ինչ կոնվենցիաներ է խախտում մեր երկիրը: Եվ համապատասխանաբար կարող է որոշում կայացվել` կա պատժի երկու ձեւ, երկուսն էլ ԵԽԽՎ միջոցով: Դա խախտում կատարած պետությանը զրկումն է ձայնի իրավունքից կամ զրկումը ԵԽ-ին անդամակցելուց: Սակայն, չեմ կարծում, որ այս դեպքում իրադարձությունների զարգացումը դրան կհանգեցնի»,-ասել է նա:
Մեկ այլ փորձագետ Էլդար Զեյնալովը նկատում է, որ ողջ տեղեկատվությունը ներկայացված է ամերիկյան աղբյուրների կողմից: «Ես չեմ բացառում, որ այս թեման մտացածին կարող է լինել, երկրները, որոնք անբարյացակամ են տրամադրված Ադրբեջանի հանդեպ, «խտացնում են գույները»: ԵԽԽՎ-ում ԱՀ պատվիրակության անդամ Բահտիյար Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանում ԿՀՎ «գաղտնի բանտեր» «չեն եղել եւ լինել չեն կարող», հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը: