Ապրիլի 26-ին ավանդական ծաղկահավաք տեղի կունենա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ապրիլի 26-ին ավանդական ծաղկահավաք տեղի կունենա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին ավանդական ծաղկահավաք տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 4-րդ անգամ իր գլխավոր գործընկեր, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է արդեն ավանդական դարձած ծաղկահավաք, որն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը՝ 10-ից երեկոյան 7-ը: Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած մի շարք կամավորներ, բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ նոր շունչ են հաղորդում ապրիլի 24- ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների:

Նախքան 2010 թվականը շուրջ 2 տոննա ծաղիկներ հավաքվում և այրվում էին որպես աղբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով նախաձեռնեց ծաղկահավաքի միջոցառումը, որը և սկսեց իրականացնել 2010 թվականից: Ծաղկահավաքի նախաձեռնությունը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Երկրի օր քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում և օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից օգտագործվում են բացիկների, հրավիրատոմսերի և նամակների պատրաստման նպատակով, ասվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գրասենյակի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---