30 նոյեմբերի 2005 - 17:29 AMT
Դեկտեմբերի 2-5-ը Երեւանում կկազմակերպվի Ռուսաստանի ազգային ցուցահանդես
Դեկտեմբերի 2-5-ը Երեւանում կանցնի Ռուսական ազգային ցուցահանդեսը եւ տեղի կունենա տնտեսական համաժողով, որոնք կազդարարեն Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումների ավարտը: Մակերեսով ոչ մեծ ցուցադրությունը մասնագիտացած է ըստ բնագավառների` տրանսպորտ, էներգետիկա, էլեկտրոնիկա, սարքավորումների արտադրություն, քիմիական նյութերի արտադրություն, հատուկ կահույք: Ցուցահանդեսը կեզրափակի ողջ տարվա ընթացքում ՌԴ տարածաշրջանների արտադրանքի ցուցադրումը եւ կներկայացնի համատեղ հայ-ռուսական նախագծերը, արտադրանքը եւ տեխնոլոգիաները, հրդեհների մարման, արտակարգ իրավիճակների կանխման, արդի գիտական հետզաոտությունների եւ գյուտերի, թեթեւ արդյունաբերության միջոցների ոլորտում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի գործարար, գիտական շրջանակների, ինչպես նաեւ բնակչության համար: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունը: Դեկտեմբերի 3-ին ցուցահանդես կայցելի եւ համաժողովին կմասնակցի ՌԴ վարչապետ Միխաիլ Ֆրադկովը: Ռուսաստանի ազգային ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա նաեւ Երկկողմ համագործակցության խնդիրներին նվիրված համաժողով, որին կմասնակցեն ՌԴ եւ ՀՀ պաշտոնական անձիք, ԱՊՀ երկրների եւ Հայաստանի հետ սահմանակից երկրների քաղաքական, գործարար եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչները, ցուցահանդեսի մասնակիցները: