30 նոյեմբերի 2005 - 19:02 AMT
ՂԱԿ-ը մտադիր է պիկետներ կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների դեսպանատների առջեւ
Առաջիկայում Ադրբեջանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) նախագահ Ակիֆ Նաղին հայտարարել է, որ դրա պատճառը Հայաստանի ակտիվացումն է եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գործարկումը: Նրա խոսքերով, վերջերս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները խոսում են 2006 թվականին ղարաբաղյան հակամարտությունը ցանկացած գնով կարգավորելու անհրաժեշտության մասին: Նրանք չեն բացառում ճնշում գործադրելու հնարավորությունը հակամարտող կողմերի հանդեպ.«Հաջորդ տարի շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Միջազգային կազմակերպությունները եւ խոշոր պետությունները շահագրգիռ են նավթատարի լիակատար անվտանգության հարցում: Դրա համար նրանք կարեւորում են ղարաբաղյան հակամարտության լուծումը, քանի որ հիանալի հասկանում են, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում այս հակամարտությունը նավթատարի համար: Մի խոսքով, նրանք շահագրգիռ են լուծելու այս խնդիրը մոտ ապագայում: Բանը նրանում է, որ իրենց համար կարեւոր չէ արդար լուծում կստանա խնդիրը, թե ոչ: Կարեւորը, այն կարգավորելն է մեկընդմիշտ: Իսկ դա նշանակում է, որ իրականում, միջազգային կազմակերպությունները եւ խոշոր պետությունները զիջումներ են ակնկալում ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից: Մենք չենք կարող հաշտվել դրա հետ: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք բողոքի գորոծղություններ ձեռնարկել»:

Ա.Նաղին նշել է, որ իրենք մտադիր են բողոքները արտահայտել պիկետների ձեւով: Նրա խոսքերով, պիկետներ կանցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների դեսպանատների առջեւ: Բացի այդ, ակցիաներ կանցկացվեն միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ ԵԱՀԿ ներկայացուցչությունների առջեւ: ՂԱԿ-ի նախագահը հայտարարել է, որ նախատեսված ակցիաները կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում: Նրանք կաշխատեն արտահայտել Ադրբեջանի հանրության դիրքորոշումը.«Այդ հակամարտությունը շարունակվում է արդեն 10 տարի, սակայն մինչ այժմ խնդրի կարգավորման ուղղությամբ որեւէ միջոցներ չեն ձեռնարկվել: Իսկ ժամանակը Ադրբեջանի օգտին չի գործում: Արդեն միջոցներ են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանին միացնելու ուղղությամբ: ԱՄՆ եւ Ֆրանսիան սերտ հարաբերություններ են հաստատել Ստեփանակերտի հետ: Այդ գործընթացը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար: Այդ պատճառով էլ, մենք համարում ենք, որ բողոքի ակցիաների անցկացման ժամանակը եկել է»:
ՂԱԿ-ի նախագահի խոսքերով, պաշտոնական հանդիպումների անցկացումը Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ առաջիկա ամիսներին իրական է: Նույնիսկ հնարավոր է, որ հաջորդ տարվա սկզբին կողմերին ներկայացվեն Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկները: Ըստ Ա.Նաղիի, այժմ դժվար է ասել, թե դրանք ինչ առաջարկներ են: Սակայն, «կարելի է նախապես կանխատեսել, որ նոր առաջարկները չեն բխում Ադրբեջանի շահերից»:

Ա.Նաղին ասել է, որ նախատեսվող ակցիաների ժամանակ պահանջներ կհնչեն Հայաստանը «ագրեսոր երկիր» ճանաչելու վերաբերյալ: Նրա կարծիքով, ՂԱԿ-ը չի բավարարվի բողոքի ցույցեր կազմակերպելով: Նրանք կփորձեն այդ հարցը քննարկման դնել հանրության շրջանում եւ մամուլում. «Ղարաբաղի ճակատագիրը չի կարելի վստահել միջազգային կազմակերպություններին եւ արեւմտյան երկրներին: Մենք պետք է հասկանանք, որ հողերի ազատագրումը կախված է ադրբեջանական ժողովրդի կամքից եւ ցանկությունից»: