1 դեկտեմբերի 2005 - 14:46 AMT
Ս.Սարգսյան.Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին երկրի անվտանգության բաղկացուցիչ մասերից մեկն է
Նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 11-րդ դռնփակ նիստը: ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը, ահաբեկչության եւ թմրաբիզնեսի դեմ պայքարին վերաբերող հարցեր: «Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հավաքվելով` մենք կարծիքներ ենք փոխանակում մեր տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական դրության, անվտանգությանը սպառնացող վտանգների շուրջ եւ փորձում ենք որոշակի կոլեկտիվ միջոցներ ձեռնարկել` չեզոքացնելու անվտանգության այդ սպառնալիքները:
Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին մեր պետության անվտանգության բաղկացուցիչ մասերից մեկն է: Դա, անշուշտ, ոչ միայն արդիական է, այլեւ շատ օգտակար»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձնազրույցի ընթացքում եւս քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության դեմ պայքարի համատեղ ծրագրի մշակումը, այդ կառույցների մեկ միասնական ցանկի ձեւավորումը, թմրանյութերի տարածման դեմ պայքարը եւ այլ կարեւոր հարցեր: Նոյեմբերի 30-ին կայացել են ՀԱՊԿ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը, հաղորդում է «Երկիր» թերթը: