1 դեկտեմբերի 2005 - 16:10 AMT
2006 թվականին Միջազգային ճգնաժամային խումբը կշարունակի ղարաբաղյան խնդրի գծով իր աշխատանքը
Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների մասնակցությամբ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը փաստորեն հակամարտության խաղաղ կարգավորման վերջին փուլն է հանդիսանում ՄՃԽ կարգավորման ծրագրի շրջանակներում, հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի երկրների գծով տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, մինչ այդ, «Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի ուժերը պետք է ազատեն Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները, ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան իրենց տները` ներառյալ եւ Լեռնային Ղարաբաղը, պետք է վերականգնվեն առեւտրային կապերը եւ հաղորդակցությունները: Այդ ամենը շատ տարիներ կտեւի»: Մինչ այդ Հարավային Կովկասի տարածաշրջանը բոլորովին այլ տեսք կունենա, եւ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ այժմ առկա քանակական տարբերությունը նվազ էական կլինի: Ինչպես նշել է Ս.Ֆրեյզերը, այսօր մարդիկ մտածում են երկու համայնքների քանակական տարբերությունների մասին, քանի որ կա պատերազմի գործոնը, սակայն եթե խաղաղություն լինի, հնարավոր է, որ երկու համայնքները սկսեն մտածել գործընկերության մասին, այն մասին, թե ինչպես առավել բարգավաճման հասնեն ապագայում: «Ես հուսով եմ, որ մարդիկ, որոնք կմասնակցեն Ղարաբաղում կայանալիք հանրաքվեին 10-15 տարի անց, չեն քվեարկի էթնիկ պատկանելության հիման վրա, այլ կելնեն այլ շահերից, օրինակ, տնտեսական»,-ավելացրել է նա:

Անդրադառնալով ՄՃԽ հաջորդ զեկույցներին, Ս.Ֆրեյզերը հայտարարել է, որ հաջորդ զեկույցներից մեկը, որի վրա աշխատում է Խումբը` դա Եվրամիության հնարավորությունների սահմանումն է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում: «Այդ զեկույցը պատրաստվում է Եվրահանձնաժողովի հետ համաձայնության հիման վրա: Անկասկած, այդ համատեքստում մենք հաշվի կառնենք ԵՄ գործունեությունն Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու ուղղությամբ: Հաջորդ 2006 թվականին ՄՃԽ-ն կշարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ»,-ամփոփել է նա: