26 ապրիլի 2013 - 15:42 AMT
Ֆրանսիացի կոնյակագործ. Հայաստանը կարող է կոնյակն ու շամպայնը ներկայացնել Եվրոպայում հենց այդ անվանումներով

Armenia Wine-ի նախաձեռնությամբ ընկերության գլխավոր խորհրդատու, գինեգործ Ժան Բատիստ Սուլան ու ընկերության խորհրդատու, ֆրանսիական Կոնյակ շրջանից կոնյակագործ Ռոբերտ Լեոտեն այսօր ներկայացրել են համաշխարհային միտումները, Հայաստանում խաղողագործության խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Ինչպես նշեց Ռոբերտ Լեոտեն, երիտասարդ սերունդը բարձր պահանջներ է ներկայացնում կոնյակի որակին, ուստի Հայաստանը պետք է շարունակի աշխատել որակի վրա: Անդրադառնալով «կոնյակ» և «շամպայն» անվանումների փոխարեն «բրենդի» և «փրփրուն գինի» անվանումների օգտագործման խնդրին, եվրոպական շուկա դուրս գալու դեպքում՝ մասնագետը նշեց, որ Հայաստանը կարող է փոխզիջումային տարբերկ գտնել այդ խնդրի լուծման համար ԵՄ հետ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրոյցում Ռոբերտ Լեոտեն հայտնեց, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգին հաջողվեց ստանալ «Կալիֆորնիական շամպայն» անվանումն օգտագործելու իրավունքը: «Հայաստանը, որպես հինավուրց երկիր իր ավանդույթներով ու մշակույթով, կարող է հավակնել «հայկական կոնյակ» անվանումն օգտագործելուն: Առավել ևս, որ այժմ աշխատանք է տարվում այդ կոնյակի որակի բարելավման ու համաշխարհային շուկայում նրա վարկանիշի բարձրացման ուղղությամբ, նաև Armenia Wine ընկերության կողմից»,-ասաց նա:

Լեոտեն ասաց նաև, որ Հայկական կոնյակը պահանջարկ ունի Եվրոպայում, հատկապես Արևմտյան, ինչպես նաև սփյուռքահայերի շրջանում:

Իր հերթին ընկերության գլխավոր խորհրդատու, գինեգործ Ժան Բատիստ Սուլան հավելեց, որ այսօրվա դրությամբ արտահանվող կոնյակի վրա լատինատառ գրվում է հայկական բրենդի, իսկ Ռուսաստան առաքելու դեպքում՝ հայկական կոնյակ: «Ֆրանսիական կոնյակի շուկան այժմ շատ լավ է զարգանում, չեմ կարող ասել, թե պատերազմ կա նրանց և հայկական կոնյակի միջև»,-ասել է նա:

Հայաստանը բանակցում է ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ՝ ձգտելով պահապնել «Հայկական կոնյակ» անվանումի իրավունքը հայկական արտադրանքի համար, նույնը նաև շամպայն գինիների դեպքում:

Կոնյակի արտադրության առաջնայնությունը տրվեց Ֆրանսիային 1909թ. հունվարի 1-ի հռչակագրով, որի համաձայն այլ երկրում արտադրված նմանատիպ խմիչքը չի կարող կրել կոնյակ անվանումը: «Կոնյակ» անվանումը ամրագրված է ԵՄ-ում որպես ծագման վայր: Սակայն Հայաստանը հուսով է, որ համաձայնության կգա այդ հարցում ԵՄ հետ, քանի որ կոնյակի արտադրությունը մեծ նշանակություն և երկար պատմություն ունի Հայաստանում: