1 դեկտեմբերի 2005 - 18:12 AMT
Ս.Մանն. 2006 թվականը լավ հնարավորություններ կստեղծի ղարաբաղյան խնդրի կարգավորման համար
«2006 թվականին ո'չ խոշոր քաղաքական իրադարձություններ, ո'չ էլ ընտրություններ չեն լինելու ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված երկրներում, եւ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից», - ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: «Բանակցային գործընթացը խորացել է` ինչպես երբեք չէր եղել անցյալում, եւ հասել շատ լավ մակարդակի: Ես չեմ բացառում, որ հակամարտությունը կարող է կարգավորվել ցանկացած ժամանակ, բայց ես հարց եմ տալիս` ինչո՞ւ ոչ այժմ»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը: «Կողմերից որեւէ մեկը չի կարող մյուսին համաձայնություն պարտադրել, բայց եթե նույնիսկ դա հնարավոր լիներ, այդ համաձայնությունը կայուն չէր լինի: Համոզված եմ, որ յուրաքանչյուր կողմը հնարավորություն ունի, հեռանալով բանակցությունների սեղանից, իրավամբ ասել` ես շատ լավ բան եմ ձեռք բերել երկրիս համար»,-ավելացրել է Սթիվեն Մաննը: Մաննը հայտնել է, որ հաջորդ շաբաթ համանախագահները Լյուբլյանայում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, իսկ այնուհետեւ այցելելու են Երեւան եւ Բաքու, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: