26 ապրիլի 2013 - 18:36 AMT
Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարն ընդունել է եգիպտոսցի լրագրողներին

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող եգիպտոսցի լրագրողների խմբին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Ա. Գևորգյանը ողջունեց լրագրողների այցը Հայաստան` նշելով, որ նրանց պատրաստած հրապարկումները Եգիպտոսի բարեկամ ժողովրդին կօգնեն ավելի լավ ճանաչել Հայաստանը:

Այնուհետև նա պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական կապերի զարգացման ուղղություններին, երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին:

Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձևավորված բարեկամական կապերը և զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները: Երկու բարեկամ երկրների միջև բավական ակտիվ երկխոսություն է առկա միջպետական մակարդակում, լուրջ և հետաքրքիր կապեր են ձևավորվել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման ու խորացման լայն հեռանկարներ կան:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքները կվերսկսի նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովը` իր գործունեությամբ նպաստելով առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Լրագրողների խնդրանքով Ա. Գևորգյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև պատասխանեց նրանց հետաքրքրող այլ հարցերի: