Դ.Դումանյան. Անվտանգության միասնական համակարգն ավելի արդյունավետ կաշխատի

Դ.Դումանյան. Անվտանգության միասնական համակարգն ավելի արդյունավետ կաշխատի

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱՆ մամուլի ծառայությունից:

Դերենիկ Դումանյանը նշել է, որ կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային վերանայումն արդեն երկար տարիների քննարկման առակա է։ ՀՀ կառավարությունն իր հավանությանն է արժանացրել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ աշխատող լաբորատորիաները մեկ միասնական կառուցվածք ստեղծելու գաղափարը և կենտրոնացված կառուցվածք ստեղծելու համար շենք է հատկացրել։ Հիմք ընդունելով սպասարկման տարածքի մեծությունը ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է մարզային նմանատիպ միասնական կառույցներ ստեղծել Շիրակի և Տավուշի մարզերում։

Կենսաանվտանգության և կենսապաշտպանության խնդիրների առթիվ Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ հատուկ վտանգավոր ախտածինների խորը ուսումնասիրությունների ուղղությամբ ծրագրվում է գիտական մակարդակի լուրջ հետազոտություններ իրականացնել, ներառյալ` մոլեկուլյար-գենետիկ և շտամների կուլտուրաների հետազոտություններ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև կենսաբանական հետազոտություններին առնչվող ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես նշել է, որ տուլարեմիայի դեպքերի աշխարհագրական տեղեկատվական համակարգի քարտեզագրմանը վերաբերող AM-1 ծրագիրը հաջողությամբ իրականացվում է առանց ժամանակացույցից շեղումների։ Նույն կերպ ընթանում են մյուս ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները։

Վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը նշել է, որ վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի նպատակն է օժանդակել և բարելավել առողջապահական և գյուղատնտեսական ոլորտները, ստեղծել մարդկանց և կենդանիների առողջական խնդիրներով զբաղվող միասնական կառույց։

Է. Ջորջը հայտնել է, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված շենքում ծրագրի շրջանակներում հայ գիտնականների հետ հետազոտություններ կիրականացվեն։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ նախարարությունը պատրաստ է մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններում ընդգրկվել և վստահեցրել, որ այդ ուղղությամբ կվերապատրաստեն հայ մասնագետներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բժշկական համալսարանում լարցուցիչ կրթական ծրագրեր ներառելու, օրենսդրական դաշտը նոր պահանջներին համապատասխանեցնելու հարցերը։

«Իրականացվող ծրագիրը շատ անհրաժեշտ է մեր երկրին, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն հաջողությամբ իրականացվի։ Անվտանգության նպատակով միասնական համակարգով աշխատելը համահունչ է մեր նպատակներին։ Վստահ եմ, որ մեկ հզոր կառույց ստեղծելով շատ խնդիրներ կկարողանանք լուծել»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---