Հայաստանում Ռուսաստանի տարին նոր էջ բացեց հայ-ռուսական հարաբերություններում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր հանդես է եկել ելույթով Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման արարողության ժամանակ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Իր ելույթում Ա.Մարգարյանը մասնավորապես, ասել է. «Մենք անկեղծորեն ուրախ ենք հինավուրց մեր հողում ողջունելու Ռուսաստանից ժամանած հարգարժան հյուրերին եւ հանձինս նրանց` Ռուսաստանի ողջ ժողովրդին: Մեր ժողովուրդները պատմական երկար ճանապարհ են անցել ` լի համատեղ հաղթանակներով, ինչպես նաեւ պատմական փորձություններով ու արհավիրքներով, որոնք հաղթահարել ենք միասին: Սերտ փոխգործակցության կարեւորագույն բաղադրիչներից մեկը համագործակցությունն է մեր պետությունների անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ ժամանակակից մարտահրավերների ու վտանգների համատեղ դիմագրավման բնագավառներում: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, հետեւողական ու կառուցողական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Մեր գործընկերության հիմքում, քաղաքականի հետ մեկտեղ, ընկած են նաեւ տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է:



2005 թվականը նշանավորվեց նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության մարզերի ու վարչական սուբյեկտների միջեւ ուղղակի կապերի զարգացմամբ, ինչը, անկասկած, խթանում է մեր տնտեսական եւ հումանիտար համագործակցության հետագա խորացումը: Դժվար է գերագնահատել մեր պետությունների միջեւ համագործակցության նշանակությունը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են գիտությունը, կրթությունը, մշակույթը: Այսօր մեր խնդիրն է անել ամեն հնարավորը այդ բնագավառներում համագործակցության հարուստ ավանդույթները պահպանելու եւ բազմապատկելու համար: Մենք վստահ ենք, որ հայերը Ռուսաստանում, ինչպես նաեւ ռուսները Հայաստանում այն ամուր մարդկային կամուրջն են, որն իրար է կապում մեր երկրները եւ որը մենք պետք է ամրապնդենք ու պահպանենք:



Մենք հավաքվել ենք, որպեսզի հանդիսավոր պայմաններում պաշտոնապես հայտարարենք Հայաստանում Ռուսաստանի տարվա ավարտը: Տարվա շրջանակներում մենք հայոց հողում ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, կառավարության նախագահ Միխաիլ Ֆրադկովին, Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամներին, Դաշնային Ժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներին, ՌԴ տարածաշրջանների ղեկավարներին, բազմաթիվ բարձրաստիճան այլ հյուրերի Ռուսաստանից: Ռուսաստանի տարվա անցկացումը թույլ տվեց մեր երկկողմ համագործակցությունը հարստացնել նոր գաղափարներով ու նախագծերով, բացահայտեց մեր տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային ներուժի փոխշահավետ միավորման հեռանկարները: Ռուսաստանի տարվա շրջանակներում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ, գործարար համաժողովներ, մշակվեցին համատեղ հետազոտական ծրագրեր, տեղի ունեցան հեղինակավոր ստեղծագործական կոլեկտիվների հյուրախաղեր, համերգներ, նկարչական ցուցահանդեսներ, մարզական միջոցառումներ: Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ստեղծեց գիտնականների, մշակույթի գործիչների, գործարար շրջանակների միջեւ կապերի ընդլայնման, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ազատ շփումների ակտիվացման համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---