29 ապրիլի 2013 - 13:20 AMT
ԵԽ կրթության նախարարների հանձնաժողովը միաձայն ընդունել է հայկական կողմի առաջարկները

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ապրիլի 25-27-ը տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանիգլխավորած պատվիրակությունը: Նստաշրջանի ընթացքում քննարկվել են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև կառավարմանը և որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցեր: Նստաշրջանի բացման արարողության ժամանակ ընդգծվել է Եվրոպայի Խորհրդի կողմից կրթական ոլորտին տրվող նախագծերի կարևորությունը, նաև այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհրդի նախագահության ընթացքում Հայաստանը նույնպես իր առաջնահերթությունների մեջ է դիտարկում կրթական ծրագրերը, և Հայաստանի նախագահության ընթացքում շարունակական են լինելու արդեն մեկնարկած նախագծերը: Արմեն Աշոտյանը, որպես համաժողովի հիմնական բանախոսներից մեկը, իր ելույթում նախ խոսել է կրթության որակի, կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսևորման և կրթության կառավարման խնդիրների մասին: Երկրորդ ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է համաժողովի եզրափակիչ փաստաթղթում ներառելու համար Հայաստանի կողմից ներկայացրած առաջարկների հիմնավորումներին:

Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանի եզրափակիչ փաստաթղթում միաձայն ընդունվել են հայկական կողմի ներկայացրած առաջարկները` ԵԽ համապատասխան կրթական ենթակառուցվածքների և ինստիտուտների կողմից ուսումնասիրություններ անցկացնել և զբաղվել այն մարդկանց կրթության իրավունքի հետագա ճակատագրով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածաքում, սակայն, դուրս են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սահմաններից: Նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ համաժողովի վերջնական փաստաթղթում ամրագրվել է կրթության որակը բարելավելու և որակյալ կրթություն ստանալու ԵԽ անդամ երկրների քաղաքական կամքը` նպատակ ունենալով կանխել ցանկացած խտրականություն` գործընթացից դուրս մնացող մարդկանց, քանի որ վերջիններս ունեն կրթության նույն իրավունքները, ինչ որ համաժողովի դահլիճում նստած նախարարները: Հավելենք, որ նմանատիպ պետություն է նաև ԼՂՀ-ն: Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը նաև մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել Անդորրայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի Սաքսոն-Օհայ նահանգի կրթության նախարարների հետ, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից: