31 հունվարի 2003 - 18:30 AMT
ՄԵՂՐԻՆ ԵՎ ԼԱՉԻՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑ ԳՈՐՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի Մեղրու մարզը եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքը Ադրբեջանին հանձնելու մասին հարց գոյություն չունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանի Նոր-Նորք համայնքում իր նախընտրական հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` այդ հարցը Հայաստանի բնակչությանը ապատեղեկացնելու նպատակով ուռճացրել են մարդիկ, որոնք «պատկերացում չունեն բանակցային գործընթացի մասին»: Ներկայումս բանակցությունները գտնվում են «Հայաստանի համար շահավոր մակարդակի վրա, եւ երկիրն ի վիճակի է իր պայմաններն առաջադրել հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարը: