5 դեկտեմբերի 2005 - 16:43 AMT
5 թուրք լրագրողների դատավարություն է սպասում. պատճառը` Հայոց ցեղասպանության հարցն է
Թուրքիայի պետական դատախազը Առաջին աշխարհամարտի օրերին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի առնչությամբ մեկնաբանությունների համար մեղադրանքներ է ներկայացրել 5 թուրք լրագրողների: Հեղինակավոր թերթերի լրագրողներին սպառնում է 6 ամսից մինչեւ 10 տարի ազատազրկում` եթե նրանք մեղավոր ճանաչվեն «դատական գործընթացի վրա ազդելու փորձի» եւ «պետության դատական մարմիններին վիրավորելու» մեղադրանքներով: Իրենց հոդվածներում լրագրողները քննադատել են Թուրքիայի դատական մարմինների փորձերը արգելել հայկական հարցին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Ստամբուլում: Լրագրողների դատավարությունը կայանալու է փետրվարի 7-ին: Նշենք, որ նրանցից 4-ը «Ռադիկալ» ազատական թերթի թղթակիցներ են, իսկ հինգերորդը` «Միլլիեթ» կենտրոնամետ թերթի թղթակիցը: Լրագրողներին մեղադրանք է ներկայացվել Թուրքիայի քրեական օրենսգրքի այն նույն 301 վիճահարույց հոդվածով, որով մեղադրանք է ներկայացվել թուրք գրող Օրհան Փամուկին եւ Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքին: