5 դեկտեմբերի 2005 - 18:16 AMT
Ժամանակն է շտկել Ղարաբաղի շուրջ բանակցություններում թույլ տված սխալները
2005 թվականի դեկտեմբերի 9-12-ը Մոսկվայում տարածաշրջանային հակամարտությունների գծով Դարթմունդի կոնֆերանսի հայ-ռուսական աշխատանքային խմբի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակայնության ներկայացուցիչների երկխոսության իններորդ փուլը: Հայկական պատվիրակության անդամ, Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում թույլ են տրվել բազմիաթիվ սխալներ, եւ դրանք շտկելու ժամանակն է»: Բանակցությունների իններորդ փուլում կոնֆերանսի մասնակիցները նախատեսում են ստորագրել նախորդ` հունիսի 24-26 կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցված Շրջանակային համաձայնության նախագիծը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղ գործընթացի վերաբերյալ:

Ընդ որում, Ա.Մանասյանը նշել է, որ բանակցությունների այս փուլը կարող է վերջինը լինել, քանի որ հանդիպման կազմակերպիչները` Դարթմունդի կոնֆերանսի համանախագահներ Հարոլդ Սոնդերսը (ԱՄՆ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ) եւ Վիտալի Նաումկինը (Ռուսաստան) «ուղղակի այլեւս միջոցներ չունեն նման քննարկումներ կազմակերպելու համար»: Նշենք, որ կոնֆերանսում հայկական կողմը կներկայացնեն Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայկ Բաբուխանյանը, Վաղարշակ Հարությունյանը եւ Կոնստանտին Համբարցումյանը, ղարաբաղյան կողմը կներակայցնի Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռուբեն Զարգարյանը եւ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: