30 ապրիլի 2013 - 14:40 AMT
Արտակ Շաքարյան. ԱՄՆ դաշնային դատարանի մերժումը 2 հետևանք կարող է ունենալ

ԱՄՆ դաշնային դատարանը, դատավոր Դոլի Մ. Ջիի նախագահությամբ, ընդդեմ Թուրքիայի կառավարության ամերիկահայերի ներկայացրած փոխհատուցման մասին հայցը մերժել է: Այս փաստը մի կողմից հետագայում հնարավոր է նախադեպ դառնա հետագայում նմանատիպ հայցերով դատական վճիռների համար: Սակայն մյուս կողմից դա ցույց տվեց, որ հայերի իրավական գիտակցության աստիճանը բարձրացել է` նրանք դատարան են դիմում և հատուցում պահանջում: Կարծիքը թուրքագետ Արտակ Շաքարյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նաև նշեց, որ դատական գործընթացն առիթ էր, որ ամերիկացիները և թուրքերը ևս մեկ անգամ հիշեն Հայոց ցեղասպանության և հայերից խլած տարածքների մասին: «Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները Թուրքիայից քաղաքական մեծ շահեր ունի, և, բնականաբար, հասկանալի է, թե ինչու է դատարանը մերժել այդ հայցը»,- ասաց թուրքագետն ու պարզաբանեց` դատարանը մերժել է հայցը՝ չցանկանալով սեպ խրել թուրք-ամերիկյան բարեկամական հարաբերությունների մեջ:

Ա.Շաքարյանը կարևորեց, որ նմանատիպ հայցերի սկիզբը դրվեց և հույս հայտնեց, որ այդպիսի հայցեր դեռ կներկայացվեն և ոչ միայն ամերիկյան, այլև թուրքական դատարաններ: «Այսօրվա Թուրքիայի տարածքում բազմաթիվ են նախկինում հայերին պատկանող կալվածքներն ու հողակտորները, որոնց վրա այսօր թուրքերը բիզնես են ծավալում, և նրանք պետք է իմանան, թե ովքեր են այդ տարածքների իրական տերերը»,- ասաց Շաքարյանը:

ԱՄՆ դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին մերժել էր ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրաված կալվածքների փոխհատուցման պահանջով: Դատավորը վճիռը կայացնելիս մի շարք լուրջ փաստացի սխալներ է թույլ տվել, նաև` օրենքի խախտումներ, ուստի մեծ է հավանականությունը, որ Դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ կհայտարարի դատավոր Դ.Մ. Ջիի վճիռը: