ԱՄՀ-ն բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ

ԱՄՀ-ն բարձր  է գնահատել համագործակցությունը Հայաստանի կառավարության  հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Հիմնադրամի ներկայացուցիչները նախ շնորհավորել են Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

Անդրադառնալով 2010 թ. հունիսից մեկնարկած և այս տարվա սեպտեմբերին ավարտվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքներին՝ Մարկ Հորթոնը գոհունակությամբ նշել է, որ ծրագրով նախատեսված բոլոր թիրախներն իրագործվել են և որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին 2012 թ. բյուջեի դեֆիցիտի կրճատման և եկամուտների զգալի աճ ապահովելու համար: Մարկ Հորթոնը բարձր է գնահատել նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը՝ փաստելով, որ այն գերազանցել է ԱՄՀ-ի՝ 6,2 տոկոս աճի կանխատեսումը: Նրա խոսքով՝ դա հնարավոր է եղել հանքարդյունաբերության, վերամշակման և այլ ոլորտներում իրականացված ներդրումների շնորհիվ: Միաժամանակ, վերջինս հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ևս կառավարությանը կհաջողվի գերազանցել ԱՄՀ-ի՝ տնտեսական աճի ապահովման վերաբերյալ կանխատեսման ցուցանիշը:

Մարկ Փարթոնն օրինակելի է համարել նաև կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի փորձը, կատարվող քայլերը և նշել, որ դրանց արդյունքում ձևավորվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, Հայաստան են ներգրավվում աշխարհի լավագույն հաստատությունները:

Հորթոնը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության բարձր մակարդակը լավ հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի իրականացման համար:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են նոր ծրագրին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում իր առաքելությունն ավարտող ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ վերջինս ապագայում կպահպանի կապը Հայաստանի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---