6 դեկտեմբերի 2005 - 13:24 AMT
Հռոմում տեղի է ունեցել «Հայաստան. մի ցեղասպանություն լռության ներքո» թեմայով համաժողովը
Դեկտեմբերի 2-ին Հռոմում անցկացվեց «Հայաստան. մի ցեղասպանություն լռության ներքո» թեմայով համաժողով, որը կազմակերպել էր Մարդու իրավունքների իտալական դաշնակցությունը, Քաղաքական գիտությունների ուսանողների միջազգային ընկերությունը - Roma 3 համալսարանը, եւ հովանավորել` Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահությունը, ինչպես նաեւ Իտալիայում Եվրոպական հանձնաժողովը, եվրոպական խորհրդարանի իտալական գրասենյակը եւ Հանուն խաղաղության տեղեկատվությունների ու նախաձեռնությունների կոմիտեն, հաղորդում է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Այն ցեղասպանությունների եւ կյանքի իրավունքի դեմ բռնությունների վերաբերյալ սեմինարների շարքի հերթական հանդիպումն էր: Նախորդ սեմինարները վերաբերում էին Բալկաններում էթնիկական բռնություններին, Ռուանդայի եւ Կամբոջայի ցեղասպանություններին, Իրաքում քրդերի հարցին: Համաժողովին, որին ներկա էին 200-ից ավելի ուսանողներ, մոտ 50 բարձրաստիճան հյուրեր, Իտալիայում Թուրքիայի դեսպանության աշխատակիցներ եւ լրագրողներ, ելույթ ունեցավ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը: Դեսպանը, անդրադառնալով Հարավային Կովկասի ներքին աշխարհաքաղաքական արդի վիճակին, հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության խնդիրը` հայ-թուրքական ներկա հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ նույն հարաբերությունները Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի տեսանկյունից: Շեշտվեց նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը միակողմանիորեն փակ պահելու հանգամանքը: