1 մայիսի 2013 - 14:16 AMT
Մարդկանց 45 տոկոսը Հայաստանում աշխատանք է գտնում բարեկամների ու ծանոթների միջոցով

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) մեթոդաբանության հիման վրա Հայաստանում հարցում է անցկացվել բնակչության շրջանում այն հարցի շուրջ թե ինչպես է այս, կամ այն անձը աշխատանք ստացել: Ինչպես մայիսին 1-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը, 2012թ. աշխատանք ստացած մարդկանց 45,7 տոկոսը աշխատանք է գտել հարազատների կամ ծանոթների միջոցով: Ըստ նրա, այդ միտումը գործնականում չի փոխվել, կա մի փոքր նվազում 2008-2009թթ. համեմատ, երբ ցուցանիշը գերազանցում էր 50 տոկոսը:

Անդրադառնալով աշխատաշուկայի խնդիրներին՝ Վահագն Հովհաննիսյանը ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ բնակչության մեծ մասը ձգտում է բարձրագույն կրթություն ստանալ և բուհ է ընդունվում, արդյունքում այդ հաստատությունների շրջանավարտների մասնագիտական որակը նվազում է: Ըստ նրա, բուհերի համար կրթության ոլորտը յուրօրինակ բիզնես է, ուստի նրանք չեն գնա դիմորդների քանակի կրճատման:

Միևնույն ժամանակ միջին մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանը մեծ հեռանկարներ ունի: «Լավ խոհարարը աշխատանք կգտնի ԵՄ երկրներում, իսկ տնտեսագետը՝ ոչ»,-ասել է նա: Մասնագետը հավելեց նաև, որ զարգացած երկրներում բնակչության միայն 7-10 տոկոսն է ձգտում բուհական կրթություն ստանալ, իսկ 70-80 տոկսսը՝ միջին մասնագիտական: «Պետք չէ ընկնել տնտեսագետի, մանկավարժի, իրավաբանի փայլուն մասնագիտությունների ետևից, պետք է զարգացնել մարդու գործարար ունակությունները, որպեսզի տարիներ անց կոշկակարն էլ կարողանա իր գործը բացել»,-ասել է նա:

Վահագն Հովհաննիսյանը ուշադրությունը հրավիրել է այն հարցի վրա, որ այսօրվա դրությամբ Հայաստանում հարկավոր է ներմուծել նոր մոտցումներ վերլուծելու համար աշխատաշուկան օպերատիվ և հավաստի տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև ակտիվացնի սոցիալական երկխոսությունը պետության, գործարարների ու հասարակության միջև՝ բարելավելու համար իրավիճակը աշխատաշուկայում: Մասնագետը բերել է 2012թ. տվյալները, որոնց համաձայն աշխատաշուկայում շատ է տնտեսագետների, մանկավարժների, հաշվապահների առաջարկը, իսկ պահանջարկ կա այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են մատուցողը, վարորդը, հացթուխը և այլն: