1 մայիսի 2013 - 16:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Քաղաքապետի թեկնածու. Մայիսի 5-ին գնանք ընտրատեղամաս և ասենք` «Բարև, Երևան»

Մայիսի 5-ից հետո մենք ունենալու ենք նոր ավագանի, նոր դաշնակցային, միացյալ քաղաքապետարան և դրա ներկայացուցիչը լինելու է Արմեն Մարտիրոսյանը: Ազատության հրապարակում «Բարև, Երևան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Բարև, Երևան, համար երեք, թող մեզ չհաշվեն մեր քանակով, այլ որակով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց միասին պայքարի առաջին գծում լինելու համար: «Իհարկե, պայքարի տարբեր ժամանկներ են եղել, տարբեր հաջողություններ են եղել: Մի բան այլևս ակնհայտ է, որ Երևանում, Հայաստանում, քաղաքացին արդեն ասել է` ես իմ իրավունքի, իմ երկրի տերն եմ»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ «Բարև, երևան» դաշինքը կառավարման համակարգը փոխելու գործընթացը սկսելու է Երևանից: Այն մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին մեկ համոզումով` պետք է փոխել կառավարման համակարգը: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` այս պահին եղած համակարգը ոչ թե քաղաքացիների շահերի սպասարկմանը միտված համակարգ է, այլ բացառապես մի քանի օլիգարխների, կուսակցական ղեկավարների ու պաշտոնյաների համար գերշահույթ ապահովող համակարգ: «Երևանի ընտրությունները քաղաքական են, քանի որ Երևանը, ցավոք, մեր երկրի կեսից ավելին է, Երևանում է ապրում բնակչության 50 տոկոսից ավելին, առկա է արդյունաբերության 50 տոկոսից ավելին, ֆինանսական հոսքերի 80 տոկոստը: Երևանի կառավարումը և ավագանու որոշումները բացառապես քաղաքական են»,- ասաց նա: Ավագանու «Բարև, Երևանի» թեկնածուն խոստացավ, որ կլուծեն մի շարք խնդիրներ` տարնսպորտի, կառուցապատման, կանաչ տարածքների, մետրոյի նոր կայարանների և այլն:

Արմեն Մարտիրոսյանը խոստացավ, որ քաղաքապետի որևէ ազգական, քաղաքապետարանի որևէ աշխատակից սեփական բիզնես չի ունենալու:

Նա հորդորեց ձայն տալ «Բարև, Երևանին», քանի որ իրենք փոխելու են ստեղծված մթնոլորտը. «Դուք ունեք փոփոխության հրաշալի հնարավորություն, մենք ձեր հորդորները լսել ենք, որոշակիորեն ուղղել ենք մեր սխալները»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք լուրջ քայլեր են կատարել ընտրությունների օրը վերահսկողություն սահմանելու և քաղաքացիների տված ձայնը պաշտպանելու համար: «Մայիսի 5-ին գնանք ընտրատեղամաս և ասենք` «Բարև, Երևան»,- եզրափակեց նա:

ՖՈՏՈՇԱՐՔ