1 մայիսի 2013 - 16:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Րաֆֆի Հովհաննիսյան. Մայիսի 5-ին հերթական անակնկալը պետք է մատուցեմ հայ ժողովրդին

«Պայքարը մերն է, և պայքարն ընթացքի մեջ է»,- Ազատության հրապարակում «Բարև, Երևան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա` մայիսի 5-ի նախաշեմին աննախադեպ հնարավորություն կա: «Բացեք կենսագրությունները, համեմատեք մեր թեկնածուներին մյուսների հետ` մեր մտավորականներին, երիտասարդներին, մարդու իրավունքների պաշտպաններին ցանկացած կուսակցության ներկայացուցիչների հետ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մայիսի 5-ից հետո Երևանում լինելու է նոր վիճակ: Ազատ ու արդար ընտրությունների դեպքում «Բարև Երևանը» առաջատար է լինելու: Պատրաստվենք բոլորս` ես էլ ձեզ հետ, ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, եթե ուզում եք կեղծքից դուրս գաք, ՕԵԿ, «Առաքելություն», մայիսի 5-ից հետո ունենալու ենք նոր վիճակ: Մեզ համար մեծ հպարտություն է, որ մարդիկ կանգնեցին այս հարթակում ոչ միայն նկարահանվելու, կայքում դրվելու համար, այլ մարդիկ եղան, ովքեր մտան պայքարի, անհավասար մարտի մեջ` Ժողվրդական ուղի, Ժողովրդավարական հայրենիք, Շրջադարձ, ՀԱՍԿ: Մենք կանգնեցինք ու կանգնում ենք առաջին գծում»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի վստահեցմամբ` ապրիլի 9-ի երդումից ոչինչ իրենց հետ չի կանգնացնելու: «Մենք չենք նահաջելու, չենք վաճառվելու, չենք ծախվելու: Մայիսի 5-ին գնալու եմ ընտրատեղամաս առանց վարանելու, ձեզ հետ միասին հերթական անակնկալը պետք է մատուցեմ հայ ժողովրդին ու աշխարհին, ես պատրաստ եմ պայքարը տանել մինչև վերջ: Մի քանի ամիս կտևի, թե մի քանի տարի, բայց հինգ տարի այս իշխանությունը չի նստելու Բաղրամյան 26-ում: Մայիսի 5-ից հետո Անդրանիկի որդի Տարոնը, հարգանք բոլորին, չի լինելու Երևանի քաղաքապետ: Երևանը ունենալու է նոր քաղաքպետ, նոր քաղաքապետարան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ հաջորդ քաղաքապետի ընտրություններին ինքը սիրով իր ձայնը կտա Արմեն Ռուստամյանին, Վարդան Օսկանյանին, Վահագն Խաչատրյանին կամ մեկ ուրիշին:

ՖՈՏՈՇԱՐՔ