1 մայիսի 2013 - 16:40 AMT
35 տարի առաջ այս օրն է մահացել Արամ Խաչատրյանը

Այսօր լրանում է 20-րդ դարի երաժշտաարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից Արամ Խաչատրյանի մահվան 35-րդ տարին: Այս առիթով Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում կոմպոզիտորի շիրիմին են այցելել արվեստագետներ, մտավորականներ, նրա արվեստի երկրպագուներ:

Արամ Խաչատրյանը 20-րդ դարի երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է` հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Արտահայտելով դարաշրջանի առաջադիմական-լավատեսական մղումները, ելնելով ազգային հարուստ ավանդույթներից, կոմպոզիտորը ստեղծեց նորարական արվեստ, որի լավագույն մասով հարստացրեց 20-րդ դարի դասական արվեստի գանձարանը: Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ դարաշրջանի երաժշտությունը հարստացավ կենսակայուն խոհեր և հույզեր, կիրք և կամք մարմնավորող արվեստով: Կոմպոզիտորի՝ շուրջ հինգ տասնամյակ շարունակված ստեղծագործական ուղին, համընկնելով հայ նոր երաժշտության կազմավորման, գեղագիտական-գեղարվեստական սկզբունքների բյուրեղացման շրջանին, հզոր ազդակ էր նրա առաջընթացի և համաշխարհային ճանաչման համար:

Նա հեղինակել է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։

Արամ Խաչատրյանը վախճանվել է 1978 թ. մայիսի 1-ին երկարատև, ծանր հիվանդությունից: Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում սգո հանդիսավոր արարողությունից հետո կոմպոզիտորի աճյունը տեղափոխվել է Երևան, նրա վերջին ցանկությամբ, և մայիսի 6-ին հողին հանձնվել: