7 դեկտեմբերի 2005 - 15:40 AMT
Հայաստանի խորհրդարանը երկարեցրել է Իրաքում հայ խաղաղապահների տեղակայման ժամկետը
Հայաստանի խորհրդարանը երկարեցրել է հայ «երկնագույն սաղավարտավորների» տեղակայման ժամկետը Իրաքում: Հայաստանի նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքերով, անցյալ տարիների փորձը ապացուցել է Իրաք խաղաղապահներ ուղարկելու որոշման իրավացիությունը: Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է նաեւ, որ հայ խաղաղապահների ներկայությունը Իրաքում «ապահովում է Հայաստանի մասնակցությունը միջազգային գործընթացներին, ինչպես նաեւ անվտանգության երաշխիք է հանդիսանում»: Հիշեցնենք, որ հայ խաղաղապահների 46 հոգանոց առաջին հերթափոխը (10 սակրավոր, 30 վարորդ եւ 3 բժիշկ` թերապեւտ, սրտաբան, հոգեբույժ, ինչպես նաեւ գումարտակի հրամանատար, կապի սպա եւ հրամանատար լեհական զորքերի կենտրոնակայանում) Իրաք էր մեկնել 2005 թվականի հունվարին, որի ծառայության ժամկետն ավարտվեց ընթացիկ տարվա հունիսին: Հայ խաղաղապահների երկրորդ հերաթփոխը, կազմված 45 հոգուց, մեկնեց Իրաք հուլիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչները Իրաքում ծառայում են լեհական խաղաղապահ դիվիզիայի կազմում: Հայ խաղաղապահ մարդասիրական կոնտինգենտի տեղակայման, թիկունքային, հաղորդակցությունների, տեխնիկական եւ բժշկական ապահովման ծախսերը կրում է ԱՄՆ կառավարությունը:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իրաքյան արշավին մասնակցելու պատրաստակամություն հայտնելով, «Հայաստանը ի պատասխան, ակնկալում է իր անվտանգության ամրապնդում, սահմանների ապաշրջափակում, ինչպես նաեւ հավասարակշռված մոտեցում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հանդեպ այն պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման մեջ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: