8 դեկտեմբերի 2005 - 13:09 AMT
Սկսվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման նախագծի իրագործումը
Հայաստանն ու Իրանը ձեռնամուխ են եղել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարության նախագծի իրագործմանը: Այդ մասին դեկտեմբերի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Որոշ տվյալներով Իրանը ներդնում է այս նախագծի մեջ 150 մլն դոլար: Մեկնաբանելով օրերս Երեւան այցելած Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովի հայտարարությունն այն մասին, թե ռուսական կողմը եւս շահագրգռված է այս նախագծով` նախարարը ասել է հետեւյալը.«Ֆրադկովը ցանկանում է, սակայն այդ ցանկությունը հաստատված չէ կոնկրետ առաջարկով: Այնպես որ, մենք քննարկելու բան չունենք: Մյուս կողմից, Ռուսաստանն առանց այդ էլ մասնակցում է այս նախագծին: Մասնավորապես, մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում այն նախագծային ինստիտուտի հետ, որը նախագծել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի նախագիծը: Մինչդեռ, հարկ է նշել, որ ռուսական կողմը ի դեմս ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի ի սկզբանե հավակնում էր այդ բլոկի, ինչպես նաեւ Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի շինարարությանը: Հայաստանի կառավարությունն իր հերթին նախապատվությունը տվեց երկու իրանական «Սանիր» եւ MAP ընկերություններին, որոնք համապատասխանաբար եւ կզբաղվեն Հայաստանում գազատարի անցկացման եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարության աշխատանքներով:
Ինչ վերաբերվում է գազատարի շինարարությանը, ապա Արմեն Մովսիսյանը հաստատեց նախապես հայտարարված ժամկետները` ընդգծելով, որ գազատարը շահագործման կհանձնվի 2007 թվականի սկզբին:

Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Իրան-Հայաստան գազատարը կդառնա Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործոն եւ դեռեւս չի դիտարկվում որպես այլընտրանք գազի առաքման ռուսական երթուղուն: «Սա ընդամենը դեպի Հայաստան գազի առաքման երկրորդ ուղին է: Մենք դեռեւս ծանոթ չենք Ռուսաստանից ներկրվող գազի հնարավոր նոր սակագներին, եւ այս փուլում չենք կարող համեմատել Իրանի առաջարկած գների հետ»,-նշել է նա: Նշենք, որ ըստ հայ-իրանական պայմանագրի, հայկական կողմը Իրանից ստացվող գազի դիմաց կվճարի էլեկտրաէներգիայով, որը կարտադրվի Հայաստանի տարածքում: Ինչպես կարծում են մասնագետները, ռուսական գազի սակագների ավելացման եւ Վրաստանի կողմից տարանցիկ սակագների բարձրացման համատեքստում Հայաստանը կարող է լիովին անցնել իրանական գազի: Այդպես, Արմեն Մովսիսյանն այսօր ընդգծեց, որ Իրան-Հայաստան գազատարով կարելի է հանրապետություն այնքան գազ ներկրել, որքան այժմ ստանում ենք Ռուսաստանից Վրաստանի տարածքով: Նշենք, որ այս փուլում գազամատակարարման հյուսիսային ուղղությունը միակն է Հայաստանի համար:

Ինչպես տեղեկացրել է Մովսիսյանը, այցով Երեւանում գտնվող Իրանի էներգետիկայի նախարար Սեիդ Ֆաթթահի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է «Իրան-Հայաստան գազատարի շարունակման, երկու երկրների միջեւ երրորդ բարձրավոլտ ԷՀԳ-ի կառուցման, ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարությունն ավարտին հասցնելու հարցերը»: Բոլոր այս նախագծերը, ըստ նախարարի, կիրագործվեն առաջիկա երկու տարում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: