Ադրբեջանը նախկինի պես հույսը դրել է «խավիարային դիվանագիտության» վրա

Ադրբեջանը նախկինի պես հույսը դրել է «խավիարային դիվանագիտության» վրա

PanARMENIAN.Net - Եվրանեսթի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը նամակ է հղել ԵԽ նախագահին, Եվրահանձնաժողովին, ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներին, Եվրանեսթի ԽՎ փոխնախագահներին, եվրախորհրդարանի ու Եվրանեսթ ԽՎ բոլոր անդամներին փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Սուլեյմանովը գրում է.«Միջազգային դիտորդները, չնայած բազմաթիվ խախտումներին, ժողովրդավարական գնահատեցին ընտրությունները Հայաստանում: Հայաստանը կոպտորեն խախտում է ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ ԵՄ արժեքներն ու սկզբունքները՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ժողովրդավարական արժեքների հանդեպ և ժխտելով Խոջալուի ցեղասպանությունը, անտեսելով գրեթե 25 տարի առաջ ադրբեջանական հողերից արտաքսված քաղաքացիների հիմնարար իրավունքները»:

Սուլեյմանովը չի մոռացել հիշատակել Ստեփանակերտի օդանավակայանի կառուցումը, սակայն ամենից առավել նրա «տարակուսանքն է» հարուցում այն, որ «ագրեսոր երկիրը» նախագահելու է ԵԽ նախարարների կոմիտեում, որ Հայաստանի հետ ԵՄ-ն ասոցացման համաձայնագիր է կնքել: Այս ամենին ադրբեջանցի պատգամավորը հավելել է իր մեղադրանքները եվրոպական կառույցներին՝ կրկնակի չափանիշներ կիրառելու վերաբերյալ:

Նամակի վերջում Սուլեյմանովը գրում է. «Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ: Ցավոք, ես ոչ մի պատասխան չստացա իմ 2013թ. մարտի 18-ի հայտարարությանը: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ իմ հարցերն անպատասխան չեն մնա, և դուք միանշանակ դիրքրորոշում կորդեգրեք հայաստանյան ընտրություններում, որը օկուպացիայի է ենթարկել հարևան երկիրն ու չի հանդիսանում ժողովրդավարական երկիր»:

Այստեղ հարց է առաջանում. եթե առաջին նամակին պատասխան չի եղել, նշանակում է, այն համարել են պատասխանի ոչ արժանի: ԵԽ-ն ամենևին չի մոռացել այն «ջերմ ընդունելությունը», որին արժանացան Ադրբեջանի գծով ԵԽԽՎ զեկուցողները, կամ էլ այն, որ Քրիստոֆեր Շտրասսերը փաստորեն պերսոնա նոն գրատա հայտարարվեց Բաքվում ԵԽԽՎ դիտարկման ու քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո: Լավ կլինի ժողովրդավարության որոնումներում Սուլեյմանովը իր երկրին անդրադառնա:

Կարելի էր անտեսել այս նամակը, թե չլիներ մեկ հանգամանք: Ադրբեջանը, որը ոչ ժողովրդավարական երկիր է ՄԱԿ և Պետքարտուղարության բոլոր զեկույցներում, որտեղ ոտնահարվում են մարդու ամենահիմնական ազատությունները, հանկարած «մտահոգվում է» Հայաստանում տիրող իրավիճակով: Ադրբեջանական պատգամավորը չունի ոչ մի իրավաբանական և առավել ևս բարոյական իրավունք գնահատականներ տալու ՀՀ ներքին քաղաքականությանը: Մի երկրի ներկայացուցիչ, որտեղ արդեն հետաձգել են նախագահական ընտրությունները, և կարող են նաև ընդհանրապես չեղյալ հայտարարվել, չի կարող խոսել ագրեսիայի ու ժողովրդավարության մասին: Բաքվում հիանալի գիտեն, թե ով է սկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ գիտե՞ն արդյոք եվրոպատգամավորները: Հավանաբար, «խավիարային քաղաքականությունն» ու նավթի ու գազի ուռճացված ծավալները շարունակում են ազդել Եվրոպայի խորհրդի վրա: Հակառակ դեպքում, այս նամակն ուղղակի կանտեսվեր:

Մինչդեռ, ըստ Եվրանեստ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, Սուլեյմանովի նամակն ուղղված է եվրոպատգամավորների ապակողմնորոշմանը, որոնք դեռ լավ իրազեկված չեն Ղարաբաղի հարցում: «Ադրբեջանցի քաղաքական գործիչներից կարելի է մեկնաբանել միայն նախագահ Ալիևի խոսքերը, մյուս բոլորի խոսքը ոչ մի կշիռ չունի: Այնուամենայնիվ, առաջիկա նիստում ադրբեջանցի պատգամավորը համարժեք պատասխան կստանա հայկական պատվիրակությունից»,-ասել է Հովհաննիսյանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---