Լևոն Զուրաբյան. Եթե մենք բոլորս մերժենք թալանչի ՀՀԿ-ին, կեղծիքի հնարավորությունը նվազելու է

Լևոն Զուրաբյան. Եթե մենք բոլորս մերժենք թալանչի ՀՀԿ-ին, կեղծիքի հնարավորությունը նվազելու է

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունները, միևնույն է, կեղծելու են Երևանի ավագանու ընտրությունները, և ընտրությունների արդյունքները ցույց չեն տալու իրական պատկերը: «Եթե մենք բոլորս մերժենք թալանչի ՀՀԿ-ին, կեղծիքի հնարավորությունը նվազելու է: Այս առիթով մենք լուրջ համագործակցություն ենք հաստատել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ, «Ժառանգության» հետ միայն տեղամասային մակարդակով»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենց դռնեդուռ այցելություները ցույց են տվել, որ առնվազն քսան տոկոսը քվեարկելու է ՀԱԿ-ի օգտին, բայց «ՀՀԿ-ն ընտրատեղամասերն ուղղակի լցնելու է մարդկանցով, մարզերից եկած և Երևանում գրանցված քաղաքացիները քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին` արհեստականորեն ավելացնելով նրանց տոկոսները»:

«ՀՀԿ-ն`Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հայտարարում է հետևյալը` «թալանել ենք և կթալանենք»: Առաջիկա ընտրությունները պետք է վերածվեն հանրաքվեի` կամ ՀՀԿ-ն ստանալու է մանդատ ժողովրդից և շարունակելու է ժողովրդին բացեիբաց թալանել, կամ ժողովուրդը դադարեցնելու է այդ թալանը և պետական իշխանությունը հանձնելու է այնպիսի ուժի, ինչպիսին է ՀԱԿ-ը: Արդյո՞ք մենք` երևանցիներս, թասիբ ունենք` հասկանալու այն մարտահրավերը, որն իշխանությունները մեզ նետել են»,- նկատեց Լևոն Զուրաբյանը:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ էլ ամփոփելով ՀԱԿ քարոզարշավը կուսակցության ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ ընտրողները հավատում և հավատացել են իրենց: «Դրանում մեզ օգնել են նաև մեր ընկերները: Հնարավոր է 50+1% հավաքենք»,- ասաց նա: Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ քաղաքացին պետք է հավատա բոլոր ընդդիմադիր ուժերին: «Մենք այլ հնարավորություն չունենք` երկիրը չենք կարող վտանգել: Մենք մեր դիրքերում ենք և չենք կարող որևէ բան զիջել: Երկրի զարգացման այլ ճանապարհ չկա, սակայն քաղաքացիների օգնությունը ևս անհրաժեշտություն է. առանց նրանց որևէ բան չենք կարող փոխել»,- եզրափակեց նա:

 Ուշագրավ
---