9 դեկտեմբերի 2005 - 13:23 AMT
Վարդան Օսկանյանը Բրյուսելում մասնակցել է Եվրաատլանտյան Գործակցության խորհրդի ԱԳՆ ղեկավարների նիստին
Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից անմիջապես հետո կայացավ (ԵԱԳԽ) Եվրաատլանտյան Գործակցության խորհրդի արտգործնախարարների տարեկան հերթական հանդիպումը, որին մասնակցեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ գործընկեր երկրների արտգործնախարարներին ներկայացրեց Ստամբուլի գագաթնաժողովից հետո ԵԱԳԽ շրջանակներում տեղի ունեցած զարգացումների ընթացքը: Այնուհետեւ նախարարները քննարկեցին գործընկերության արժեքների դերը Եվրաատլանտյան համագործակցության շրջանակներում: Անդրադարձ կատարվեց նաեւ Աֆղանստանի եւ Կոսովոյի հարցերին` գոհունակությամբ նշելով Աֆղանստանում դրական զարգացումները խորհրդարանական եւ տեղական ընտրություններից հետո, ինչպես նաեւ Կոսովոյի հարցում պաշտպանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի որոշումը` բանակցություններ սկսել այդ շրջանի կարգավիճակի շուրջ: