9 դեկտեմբերի 2005 - 15:20 AMT
Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիություն - Հարավային Կովկաս հանդիպումը
Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում բացվող Եվրամիություն - Հարավային Կովկաս հանդիպումը խոստանում է հետաքրքիր եւ կոնկրետ արդյունքներ եւ կարող է եվրաինտեգրման մեկնարկային հանդիպում դառնալ: Հարավային Կովկասի բոլոր 3 երկրները արդեն իսկ հռչակել են եվրաինտեգրումը իբրեւ իրենց արտաքին քաղաքական գլխավոր ուղղություն: Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ Եվրամիությունը Հայաստանի համար կարող է դառնալ այն կառույցը, որի հետ համագործակցությունը կօգնի լուծելու արտաքին քաղաքական եւ ներքին տնտեսական բարդ խնդիրները: Իսկ Հայաստան-Թուրքիա դժվարին հարաբերությունների հարցն արդեն անուղղակիորեն մտել է Եվրամիության օրակարգ: Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում հանդիպեց Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ: Վերջինս խստացավ, որ «Եվրամիությունը ամեն ինչ կանի` հայ-թուրքական սահմանը բացելու համար»:

«Բայց դրա համար ջանքեր պետք է գործադրվեն երկու կողմերից», - հայտարարել էր Խավիեր Սոլանան: Անցյալ տարի Եվրամիությունը դարձավ Հայաստանի ամենախոշոր առեւտրական գործընկերը` առեւտրի շրջանառության ծավալը աճեց 37 տոկոսով: Զգալի է նաեւ Եվրամիության նպաստը Հայաստանի ներքին տնտեսական եւ քաղաքական ասպարեզում: Անկախությունից հետո Եվրամիությունը շուրջ 400 միլիոն եվրոյի մարդասիրական եւ այլ բնույթի օգնություն է հատկացրել Հայաստանին: Բացի այդ, Եվրամիության անդամ երկրները շուրջ 170 միլիոն եվրոյի անհատական հատկացումներ են կատարել Հայաստանի կառավարությանը: Եվրամիությունը 2001 թվականից որոշեց լրջորեն զբաղվել Հարավային Կովկասի հակամարտությունների հարցերով. - «Կարծում ենք, որ Եվրամիությունը կարող է իրականում ակտիվ դերակատարություն ունենալ եւ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում, եւ, հատկապես, հաջող բանակցությունների ավարտից հետո գործնական քայլերի կիրառման ժամանակ», - այս կապակցությամբ հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը: Եվրամիությունn արդեն հայտարարել է, որ հակամարտության կարգավորումից հետո պատրաստ է շոշափելի օգնություն հատկացնել հակամարտության գոտու վերականգնման համար: Դեկտեմբերի 13-ինԽավիեր Սոլանան առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: