Երևանի ախտաբանաանատոմիական որոշ կենտրոններում տեղյակ չեն պետպատվերի մասին

Երևանի ախտաբանաանատոմիական որոշ կենտրոններում տեղյակ չեն պետպատվերի մասին

PanARMENIAN.Net - Այսօր կայացել է ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Մինչ օրակարգին անցնելը նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը շնորհավորել է կոլեգիայի անդամ, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

«Հանրապետության վաստակաշատ գիտնական, տաղանդավոր մանկավարժ և հրաշալի մարդ Վիլեն Հակոբյանը երկար տարիների անուրանալի ավանդ ունի մեր երկրում բժշկագիտության զարգացման և մասնագետների պատրաստման գործում։ ՀՀ առողջապահության համակարգում երկարատև, անմնացորդ աշխատանքի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ նա պարգևատրվում է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով»,-ասել է Դերենիկ Դումանյանը և հանձնել պարգևը։

Իսկ կոլեգիայի օրակարգում կարևոր հարց էր` «Ախտաբանաանատոմիական ծառայության ներկա վիճակը, գործունեության վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։ ՀՀ ԱՆ գլխավոր ախտաբանաանատոմ, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է Երևանում և մարզերում այդ ծառայության վիճակը։

Կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Երևանում գործող ախտաբանաանատոմիական 10 բաժանմունքի 80%-ը կարիք ունի ընթացիկ կամ կապիտալ վերանորոգման: Մի շարք ախտաբանաանատոմիական բաժանմունքներում չկան այդ ծառայության բաղադրիչ հանդիսացող հյուսվածքաբանական լաբորատորիաներ, և անհրաժեշտության դեպքում օգտվում են բուժհաստատության ընդհանուր լաբորատորիայի հյուսվածքաբանի ծառայություններից: Եղած լաբորատորիաների մի մասն էլ խիստ կարիք ունի սարքավորումերի, ինչպես նաև հետազոտության մեթոդների և աշխատակազմի մասնագիտական գիտելիքների և ունակությունների արդիականացման: Լաբորատորիաներն ապահովված չեն անհրաժեշտ լաբորատոր ներկերով, ռեակտիվներով և բավարար քանակությամբ նյութերով: Լուրջ խնդիր է ծառայությունը երիտասարդ մասնագետներով համալրելը, մինչդեռ ախտաբան-անատոմների և հյուսվածքաբանների միջին տարիքը գերազանցում է 55-ը։

Լուրջ մտահոգության տեղիք է տվել այն փաստը, որ մայրաքաղաքի ախտաբանաանատոմիական որոշ կենտրոններում անգամ տեղյակ չեն, որ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին ախտաբանական ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում։ Իսկ այնտեղ, որտեղ իրականացվում են անվճար ծառայություններ` սահմանափակվում են լաբորատոր հետվիրահատական հյուսվածքների և օրգանների հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություններով: Խիստ տարբեր են վճարովի ծառայությունների սահմանված գները. դիահերձման գները Երևանում տատանվում են 10-ից մինչև 54 հազար դրամ: Երևանի միայն երեք կենտրոնում են պետպատվերի շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումներ կատարվում, այն էլ` քիչ 2-3 դեպքում:

Զեկուցողն ընդգծել է հատկապես պերինատալ ախտաբանաանատոմիական ծառայության կարևորությունը։ Երևանում այն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ի հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնում և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում: Նշվել է, որ առաջինում ստեղծված են եվրոպական չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները, որոնք կենտրոնի փորձառու մասնագետներին հնարավորություն են տալիս պերինատալ մահերի դեպքում պահանջվող ճշգրիտ հետազոտությունների միջոցով անսխալ որոշել մահվան պատճառները։ Այստեղ բոլոր մահերը ենթարկվում են կլինիկաախտաբանաանատոմիական հետազոտության և վերլուծության։ Կենտրոնի յոթ բժիշկ-ախտաբանաանատոմները ժամանակակից սարքավորումներով տարեկան տասնյակ հազարների հասնող հյուսվածքաբանական, հիստոքիմիական, մանրէաբանական, բջջաքիմիական լաբորատոր հետազոտություններ են իրականացնում, որոնք շատ կարևոր են ոչ միայն մահվան պատճառը, այլև հիվանդների ախտորոշումն ու բուժումը ճշտելու համար։

Գլխավոր մասնագետը նշել է, որ այսօր մարզերում, ցավոք, մանկական ախտաբանաանատոմիական ծառայություն չի իրականացվում։ Ընդհանրապես մարզերում այս ծառայության բարելավման անհրաժեշտությունն առավել հրատապ է։ Գործող 32 կենտրոնների մի զգալի մասը կարիք ունի վերանորոգման, շատերում թե մասնագետների, թե սարքավորումների պակաս կա։

Կոլեգիայի անդամ, «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել իրենց հիվանդանոցի բազայում տարեկան երկու կլինիկական օրդինատորի մրցութային կարգով մասնագիտացում որպես ախտաբանաանատոմ` վճարելով ամսական աշխատավարձ։

«Այսօր մենք չափազանց կարևոր հարց ենք քննարկում։ Բնակչության շրջանում շատ դեպքերում ախտաբանաանատոմիական ծառայությունը թյուրիմացաբար ընկալվում է որպես զուտ դիահերձում։ Մինչդեռ շատ խորը բժշկական այս ծառայությունը բժշկագիտության հիմքն է և լուրջ դերակատարում ունի հիվանդների ճիշտ ախտորոշման ու բուժման գործում։ Ցավոք, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հանրապետության 8 խոշոր քաղաքներում կառուցված հիվանդանոցներից ախտաբանաանատոմիական ծառայությունն առանձնացվել է, և այսօր ստիպված լրացուցիչ ծրագրեր ենք իրականացնում։ Հենց հարցի քննարկման ընթացքում տեսանք, թե որքան խնդիրներ կան լուծելու, որքան հարցեր են ծագում։ Հնչեցին նաև խելամիտ առաջարկներ` մահվան վկայականների վերահսկողություն ապահովող նոր ձև մշակելուց կամ միանման մատյաններ ունենալուց մինչև կառավարման ու կադրային հարցեր»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

Նա առաջարկել է նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանի նախագահությամբ ստեղծել հատուկ հանձնաժողով, որն առանձին-առանձին կուսումնասիրի բարձրացված բոլոր հարցերը` պետպատվերի շրջանակներում ծառայության մատուցումից մինչև հիվանդանոցների լիցենզավորման պարտադիր պայմանների ցանկում ախտաբանաանատոմիական ծառայության առկայությունը։ Նաև հանձնարարել է մեխանիզմներ գտնել մասնագետների աշխատավարձի զգալի բարձրացման, երիտասարդների համար այս մասնագիտությունը հրապուրիչ դարձնելու ուղղությամբ։ Դերենիկ Դումանյանն առաջարկել է վեց ամիս հետո կրկին անդրադառնալ հարցի քննարկմանը` ամփոփելով կատարված աշխատանքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---