4 մայիսի 2013 - 15:09 AMT
Հայաստանի և Սվազիլենդի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել

Մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը և Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Սվազիլենդի Թագավորությունը գտնվում է Հվ. Աֆրիկայում և սահմանկցում է արևմուտքում` ՀԱՀ-ին և արևելքում` Մոզամբիկին: Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը` 1,1 մլն.։ Մայրաքաղաքը` Մբաբանե։ Պետական կարգը` 1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարն է թագավորը։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին և երկպալատ (ներքին պալատ և սենատ) խորհրդարանին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։