Երևանի 816 475 բնակիչներ այսօր ավագանի կընտրեն

Երևանի 816 475 բնակիչներ այսօր ավագանի կընտրեն

PanARMENIAN.Net - Երևանում այսօր ավագանու ընտրություններ են: Մայրաքաղաքի 13 ընտրատարածքների 464 ընտրական տեղամասերը բացվել են ուղիղ ժամը 08:00-ին, քվեարկությունը կտևի 12 ժամ: Երեկոյան 20:00 ընտրատեղամասերը կփակվեն և քվերակությունը կհամարվի ավարտված:

Ավագանու ընտրություններին կմասնակցի 816 475 ընտրող:

Քաղաքային իշխանության համար պայքարում են վեց կուսակցությունն և կուսակցությունների մեկ դաշինք:

Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է 195 թեկնածուով ցուցակ: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում 193 թեկնածու կա: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ընտրական ցուցակում ընդգրկված է 41 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում են` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Զոյա Թադևոսյանը և ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Օրինաց երկիր» ցուցակում ընդգրկված է 104 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում են` Արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու: Ցուցակի առաջին հորիզոնականում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներ` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը։

«Առաքելություն» կուսակցության ընտրական ցուցակում 29 թեկնածու է ներկայացված: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են կուսակցության քաղխորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչ Սարգսյանը:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված է 64 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամ Անահիտ Բախշյանը և «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։

Ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 26 տեղական կազմակերպությունների 6466 դիտորդ և 1 միջազգային կազմակերպություն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---