12 դեկտեմբերի 2005 - 14:29 AMT
Նոր միջադեպ Ջավախքում
Նախօրեին, դեկտեմբերի 11-ին, Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախքում տեղի է ունեցել նոր միջադեպ: Առիթ է հանդիսացել հայ-վրացական սահմանում ` Ժդանովական գյուղի մոտ գտնվող մաքսակետում աշխատող հայազգի բոլոր աշխատակիցների հեռացումը աշխատանքից: Նրանց փոխարեն նշանակվել են վրաց մաքսայիններ Վրաստանի այլ շրջաններից եւ Թբիլիսիից: Քանի որ բազում տեղանբակների համար աշխատանքը մաքսակետում եկամուտի միակ աղբյուրն է հանդիսանում, իսկ վրաց մաքսայինների նշանակումը ընկալվել է որպես կենտրոնական իշխանությունների մտադրություն էլ ավելի խստացնելու անցումային ռեժիմը Հայաստանի սահմանով անցնող ապրանքների համար, դա զանգվածային բողոքի ալիք է առաջացրել բնակչության շրջանում: Դեկտեմբերի 11-ին առավոտյան ժամը 11:00 մերձակա գյուղերի, ինչպես նաեւ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հարյուրավոր բնակիչներ են հավաքվել Վրաստանի եւ Հայաստանի սահմանագծի մաքսային եւ անցագրային կետերի մոտ: Նրանք դիմել են Սամցխե Ջավախքի նահանգապետին` խնդրելով գալ եւ տեղում տեսնել իրավիճակը: Սակայն այն բանից հետո, երբ նահանգապետը հրաժարվել է գալ, վեճ է սկսվել տեղաբնակների եւ վրացի մաքսայինների ու սահմանապահների միջեւ: Արդյունքում վրացի մաքսայինները եւ սահմանապահները ստիպված են եղել թողնել Վերահսկիչ անցագրային կետերը, որոնք մասնակիորեն ավերվել են: Տեղաբնակները իրենց գործողությունները բացատրել են նրանով, որ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ անտանելի կենցաղային պայմանների հետ մեկտեղ, շրջանը փաստորեն գտնվում է կիսաշրջափակման մեջ, իսկ մաքսայինների գործողությունները ինչպես վրացական, այնպես էլ հայկական սահմանում, որոնք կաշառք են պահանջում նույնիսկ նվազագույն քանակի բեռների համար, միայն խորացնում են այդ իրավիճակը: Ջավախքում շատ ծանր ֆիզիկական եւ կլիմայական պայմաններ են եւ բնակչության կենսագործունեությունը կախված է դրսից ապրանքների եւ մթերքի ներկրումից, որոնք հիմնականում ներկրվում են Հայաստանից: Իրենց գործողություններով նրանք ցանկանում են ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ուշադրությունը սեւեռել ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական դրության, ինչպես նաեւ իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության հանդեպ խտրականության մշտական փաստերին: Մասնավորապես, տեղաբնակները որպես օրինակ են բերել 2005 թվականի հոկտեմբերի 5-ին Ախալքալաքում տեղի ունեցած ընդհարումը վրաց ժանդարմների հետ, շրջանին ինքնավարություն տրամադրելու մասին բոլոր դիմումներին դրական արձագանքի բացակայությունը Վրաստանի իշխանությունների կողմից եւ այլն:

Ինչպես հաղորդել են տեղի հայկական հասարակական քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, այս տարերային եւ ստիպված ակցիաները «պայմանավորված են վրացական իշխանությունների կողմից շարունակվող խտրական գործողություններով»: «Մենք դեռ հույս ունենք համապատասխան արձագանք ստանալ Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք պետք է հասկանան, որ անտանելի սոցիալ-տնտեսական իրավիճակում տեղի բնակչությունը ստիպված է ինչ-որ կերպ արձագանքել, թույլ չտալու համար դրության հետագա սրումը»,-հայտարարել է ակցիայի նախաձեռնողներից մեկը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: