6 մայիսի 2013 - 09:16 AMT
Երևանի ավագանի անցան երեք ուժ. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև, Երևանը» կձևավորեն քաղաքային իշխանությունը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրութունների բոլոր 464 ընտրական տեղամասերի քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ այդ արդյունքների՝ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, նրան հաջորդում են «Բարգավաճ Հայաստանն» ու «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը: Հենց այս ուժերն էլ կներկայացնեն Երևանի ավագանին:

Հանրապետական կուսակցությունը ստացել է 235 հազար 512 ձայն կամ 55,89 տոկոսը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայն կամ 23,07 տոկոս:

«Բարև, Երևան» դաշինքը՝ 35 հազար 732 քվե կամ 8,48 տոկոս:

Այսպիսով, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելությունը» դուրս մնացին Երևանի հաջորդ ավագանուց: Հայաստանի օրենսդրության համաձայն` Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոսը:

«Հայ ազգային կոնգրեսը» ստացել է 18 հազար 499 ձայն կամ 4,39 տոկոս,

«Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 15 հազար 999 կամ 3,8 տոկոս,

«Օրինաց երկիրը»՝15 հազար 733 կամ 3,73 տոկոս,

«Առաքելությունը»՝ 2 հազար 692 կամ 0,64 տոկոս:

Ոստիկանության ներկայացրած տվյալներով Երևանում ընտրելու իրավունք ունի 816 հազար 457 մարդ: Ընտրություններին մասնակցել են 437 հազար 21 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը:

Ավելացնենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն` եթե ավագանու ընտրությունների արդյունքով կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Նախնական արդյունքների համաձայն` ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվել է իր պաշտոնում:

Ավելացնենք նաև, որ Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի քվեարկության օրից հետո 7-րդ օրը` մայիսի 12-ին: