Քրիստոֆ Մասս. մինչև Ցեղասպանության 100-ամյակը ֆրանսահայ համայնքը առավել ջանադրաբար պիտի գործի

Քրիստոֆ Մասս. մինչև Ցեղասպանության 100-ամյակը ֆրանսահայ համայնքը առավել ջանադրաբար պիտի գործի

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Հարավային շրջանի Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսին, Մարսելի քաղաքապետարանի ավագանու անդամ, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամ Պասկալ Շամասյանին և Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի վարչության խորհրդի ատենապետ, բժիշկ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի ատենապետ, Մարսելի Մայր եկեղեցու վարչության նախագահ Ռոբերտ Ազիլազյանին:

Ողջունելով հյուրերին` Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, մասնավորապես Ֆրանսիայի հայ համայնքի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հայերը սիրում են Ֆրանսիան և լուրջ ներդրում ունեն երկրի կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանում այսօր հպարտ են Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ձեռք բերած հաջողություններով:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորեց Մարսել քաղաքի անմիջական կապերը Հայաստանի Գորիսի և Էջմիածնի հետ, հատկապես՝ առողջապահության և սպորտի զարգացման ոլորտներում: Իսկ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Գորիսում կառուցված սրտաբանական կենտրոնը կարող է առաջատար դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսը նշեց, որ Ֆրանսիան հպարտ է իր հայազգի քաղաքացիներով, ովքեր անփոխարինելի ներդրում ունեն երկրի զարգացման բոլոր ոլորտներում:

Մասսը կարևորեց հատկապես հայկական կազմակերպությունների դերը Մարսելում: Նա առանձնացրեց նաև Էջմիածին քաղաքի հետ համագործակցությունը և այնտեղ մի շարք ծրագրերի իրականացման կարևորությունը:

Մասսը հավաստիացրեց, որ առաջիկա 2 տարիների ընթացքում` մինչև Ցեղասպանության 100-ամյակը, Ֆրանսիան և ֆրանսահայ համայնքը առավել ջանադրաբար պիտի գործեն:

Հաշվի առնելով Ռոբերտ Ազիլազյանի ներդրումը և մատուցած ծառայությունները հայապահպանության և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ու ամրապնդման գործում, Հ. Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը հյուրերին նվիրեց նախարարության պատվերով հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» և «Անի» պատկերագրքերը, ինչպես նաև` «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» խորագրով ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթում 1890-1914թթ. լույս տեսած Հայոց Ցեղասպանությանը վերաբերող հրապարակումների ժողովածուն, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---