14 դեկտեմբերի 2005 - 13:52 AMT
Սպանվել է եւս մեկ Հայաստանի քաղաքացի
Մերձմոսկովյան Ժելեզնոդոռոժնի քաղաքում հետաքննվում են Հայաստանի քաղաքացու եւ Լիպեցկի շրջանի երկու բնակիչների սպանության հանգամանքները: Ինչպես հաղորդել են Մոսկվայի մարզի ՆԳՊՎ-ում, զոհվածների մարմինները հայտնաբերվել են երեքշաբթի Մագիստրալնայա փողոցի տներից մեկում: «Նախնական տվյալներով, նրանք մահացած են եղել երեք օր առաջ անհայտ անձի կողմից հասցված ֆիզիկական վնասվածքների հետեւանքով»,-պատմել է աղբյուրը: Նա նշել է նաեւ, որ ըստ նախնական տվյալների, զոհվածները աշխատում էին մերձմոսկովյան կոոպերատիվներից մեկում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Մոսկվայի հարավային մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի քաղաքացու սպանության փաստով: Հանցագործությունը կատարվել է բնակելի տներից մեկում Բորիսովսկիե պրուդի փողոցում: «Հայաստանի քաղաքացի Լեւ Կարապետյանին սուր գործիքով հասցվել էին բազմաթիվ վնասվածքներ: Դիտարկվում են սպանության տարբեր վարկածներ, այդ թվում նաեւ կենցաղային հողի վրա»,-ասել է դատախազության ներկայացուցիչը: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով: Նոյեմբերի 30-ին Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում սպանվել էր հայաստանցի գործարար Արմեն Եղիազարյանը: Գործարարին գնդակահարել էին Ստրոգինի փողոցի թիվ 7 տան մուտքի մոտ ժամը 12:30-ին: Պատահարի վայրում միլիցիայի աշխատակիցները հայտնաբերել են Մակարովի ատրճանակի վեց պարկուճ: Հանցագործները հեռացել են սեւ գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով: