Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսություններն ամփոփվեցին Թբիլիսիում

Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսություններն ամփոփվեցին Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսությունները, մեկնարկելով բարերարի ծննդավայր Արցախից, շարունակվել են Երևանում և ամփոփվեցին նրա գործունեության հիմնական տեղավայր Թբիլիսիում, որի պատվավոր քաղաքացին էր հայտնի մեկենասը: Բարեգործի ծննդյան օրը՝ մայիսի 4-ին հոբելյանական միջոցառումները Թբիլիսիում սկսվեցին Սուրբ Էջմիածին եկեղեցում Մ.Արամյանցի հիշատակին կատարված հոգեհանգստի արարողությամբ: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացավ հուշ-երեկո, որտեղ կազմակերպվել էր մեծ բարերարի կյանքի և գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես, ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հոբելյանական երեկոն բացեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, ՀՀ պետական լեզվի պալատի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: Նա ներկայացրեց Լոնդոնից ժամանած և հոբելյանական միջոցառումներին իրենց մասնակցությունը բերած Միքայել Արամյանցի դստեր ծոռ Ալեքսանդր Ջանոեֆին և նրա տիկնոջը՝ Աննային և խոսեց ազգի երևելիների բարեգործությունների մասին:

Ելույթ ունեցողները՝ Վրաստանի հայ մտավորականների միության Թբիլիսիի կազմակերպության նախագահ Ենոք Թադևոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, լրագրող Սամվել Պողոսյանը երախտագիտությամբ հիշելով հայազգի բարերարի համամարդկային նշանակության գործունեությունը, կարևորեցին այդ ամենի մասին սերունդներին իրազեկելու և նրանց մեջ հարգանք ներշնչելու անհրաժեշտությունը: Իսկ Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արտակ Կալաչյանը տեղեկացրեց, որ դեսպանության նախաձեռնությամբ օրերս Թբիլիսիի Մաչաբելի փողոցի թիվ 4 տան պատին, որտեղ ապրել է հայազգի բարերարը, հանդիսավորապես կբացվի հուշատախտակ:

«Միքայել Արամյանց. կյանքի և գործունեության դրվագներ» գրքի հեղինակ Վահե Անթանեսյանը պատմեց բարերարի մասին գրելու իր մտահղացման և այն աջակցության մասին, որ իրեն ցուցաբերել են նախաձեռնությունը իրականացնելու և սույն գիրքը հրատարակելու գործում: Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմը, որը Սերգո Երիցյանի սցենարի հիման վրա նկարահանել է օպերատոր Սամվել Գալոյանը: Վերջում իր օրհնությունը բաշխելով ներկաներին և գնահատելով միջոցառումը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսեց հայազգի բարերարների հիշատակը պահպանելու, նրանց համամարդկային նշանակության բարեգործությունների օրինակներով սերունդներ դաստիարակելու մասին:

Հանդիսությանը ներկա ՀՀ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի առաջարկությամբ որոշվեց Թբիլիսիի հայ բարերարների տապանաքարեր տեղադրել Խոջիվանքի մեծաց մեծերի պանթեոնում:

Հանդիսությունն ավարտվեց հյուրերի և ներկաների ուխտագնացությամբ դեպի Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---