7 մայիսի 2013 - 14:37 AMT
Մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում

«Չնայած կատարված աշխատանքներին, Երևանում քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ: Մենք պետք է ավելացնենք ու եռապատկենք: Առաջարկություններ պետք է ներկայացնել նաև վարչական բոլոր շրջաններում անտառային գոտիների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով մենք կտրամադրենք լրացուցիչ ֆինանսավորում: Վստահ եմ, որ մի քանի տարիների ընթացքում մեր ծրագիրը հաջողությամբ կավարտենք և կվերականգնենք ու կգերազանցենք մայրաքաղաքի կանաչ զանգվածի երբեմնի ծավալները»,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ կանաչ բոլոր գոտիները նախևառաջ պետք է ապահովված լինեն ոռոգման ցանցով:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներով միաժամանակ 14 ծրագիր է իրականացվում, որոնց շրջանակում մեկնարկել են սիզամարգային տարածքների ստեղծման և ձևավորման աշխատանքները, վարչական շրջաններ է տեղափոխվել և տնկվել 250 հազար ծաղիկ:

Անդրադառնալով հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարմանը` քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ և մեկ անգամ ևս ընդգծել, որ պարտավորություններից խուսափող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

2013 թվականի ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների հետ կապված «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրենը զեկուցվել է, որ Լենինգրադյան փողոցի հանգույցում ավարտվում են թունելային հատվածի ծածկի կառուցման, Իսակովի պողոտայում էլ՝ թռիչքային ուղեանցի բետոնացման աշխատանքները: Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի վերաբերյալ զեկուցվել է, որ շինաշխատանքները լայն թափով շարունակվում են ճանապարհի 2-րդ փուլով նախատեսված հատվածում: Նոր կառուցվող ավտոճանապարհների արտաքին լուսավորության ապահովման հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է կիրառելով նոր մոտցումներ` լուսավորությունն իրականացնել լուսադիոդային սարքերի միջոցով:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ այս տարվա ծրագրով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներըի շրջանակում արդեն իսկ ավարտվել է 560 հազար քմ տարածքի ասֆալտապատումը: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի ու եզրաքարերի նորոգման և կանաչապատման աշխատանքներ:

«Մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքները պետք է իրականացնենք ժամանակացույցի համաձայն և նույնիսկ կարողանանք նախատեսված ժամկետից շուտ ավարտել` ապահովելով ասֆալտբետոնե ծածկի բարձր որակ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ հանձնարարվել է վարչական բոլոր շրջաններում կազմակերպել տոնական բացօթյա միջոցառումներ:

Հանձնարարվել է նաև համապատասխան աշխատանքներ տանել՝ մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի հետ կապած միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: