14 դեկտեմբերի 2005 - 15:34 AMT
«Սառեցված հակամարտությունների» մասին հարցը չի ընդգրկվի ՄԱԿ-ի ԳՎ 60-րդ նստաշրջանի օրակարգում
Գլխավոր կոմիտեն, որը պատասխանատու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքի կազմակերպման համար, մերժել է ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) խնդրանքը` Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում սառեցված հակամարտությունների եւ միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար նրանց հետեւանքների մասին հարցը 60-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ: ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեի 28 անդամներից ՎՈՒԱՄ-ի առաջարկի օգտին են քվեարկել միայն երեքը` Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: Դեմ են քվեարկել կոմիտեի հինգ անդամները` Ռուսաստանը, Հայաստանը, Անգոլան, Մյանման եւ Վենեսուելան: Մյուսները ձեռնպահ են մնացել:

Գլխավոր կոմիտեն կազմված է Գլխավոր վեհաժողովի նախագահից, նրա 21 տեղակալներից եւ գլխավոր կոմիտեների ղեկավարներից: ՎՈՒԱՄ անդամները գտնում են, որ միջազգային միջնորդությունը Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում ոչ մի արդյունք չի տվել: Այդ պատճառով նրաք առաջարկել են քննարկել այդ հարցը առաջնային կարգով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանում: ՎՈՒԱՄ-ը գտնում է, որ «չկարգավորված հակամարտությունները Մոլդովայի, Աբխազիայի եւ Վրաստանի Ցխինվալի շրջանում, Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, վտանգ է ստեղծում ՄԱԿ-ի անդամ երեք պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար: Նշենք, որ Գլխավոր կոմիտեն Գլխավոր վեհաժողովին է ներկայացնում իր հանձնարարականները օրակարգի հաստատման, ըստ կոմիտեների հարցերի բախշման եւ Վեհաժողովի աշատանքի կազմակերպման վերաբերյալ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: