ՕԵԿ-ը Սամվել Թադևոսյանին, Սերգո Կարապետյանին և Արմեն Երիցյանին երաշխավորել է նախարարների պաշտոնում

ՕԵԿ-ը Սամվել Թադևոսյանին, Սերգո Կարապետյանին և Արմեն Երիցյանին երաշխավորել է նախարարների պաշտոնում

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ Սահմանադրության համաձայն և Կոալիցիոն հուշագրին համապատասխան ձևավորվող նոր կառավարության շրջանակներում ՕԵԿ կողմից երաշխավորվող թեկնածուների հարցը:

Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանի, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ` Սերգո Կարապետյանի և Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ ` Արմեն Երիցյանի թեկնածությունը: «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը նաև որոշում է կայացրել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից հետ կանչել Ավագ Հակոբյանին: Կուսակցության քաղխորհուրդը նաև որոշել է լսել և գնահատել օրենսդիր և գործադիր մարմիններում կուսակցության կողմից ներկայացված անձանց հաշվետվությունները կատարված աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքական խորհուրդը քննարկել և ամփոփել է Մայիսի 5-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքն ու արդյունքները: Քաղաքական խորհուրդն իր շնորհակալությունն է հայտնել ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին ակտիվ և հավասարակշիռ քարոզարշավ անցկացնելու և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերը երևանցիներին հասանելի դարձնելու համար: Արմեն Երիցյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և քաղաքական խորհրդին վստահության համար և նշել, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, շարունակելու է սրտացավ ու հետևողականորեն աշխատել` Հայաստանը ավելի անվտանգ ու աղետակայուն դարձնելու համար: Արմեն Երիցյանը նաև նշել է, որ քարոզարշավի ընթացքում տեղեկացել է երևանցիներին հուզող բազմաթիվ խնդիրների մասին, որոնց լուծմանը` որպես Արտակարգ իրավիճակների նախարար, իր մանդատի շրջանակներում նույնպես հետամուտ է լինելու:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---