14 դեկտեմբերի 2005 - 18:51 AMT
Բաքվի ագրեսիվ հայտարարությունները չեն նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպմանը քննարկել են ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման, այլ նաեւ կարգավորման գործընթացի հետ կապված բոլոր հարցերը: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: «Ստեփանակերտի դիրքորոշումը չի փոխվել, այն հայտնի է: Միջնորդների հետ հանդիպման ժամանակ ես մտահոգություն հայտնեցի Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարությունների կապակցությամբ եւ նշեցի, որ նման վարքը չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը եւ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ բոլոր այս քննարկումները կարող են անմիաստ լինել, քանի որ չեզոքացվում են Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններով»,-նշել է ԼՂՀ նախագահը: Նա ավելացրել է, որ միջնորդները որեւէ նոր առաջարկություններ չեն ներկայացրել, «խոսքը գնում է այս կամ այն հարցերի տարբեր վարիացիների մասին»: «Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները եւ արտգործնախարարները հանդիպումներ են ունենում, որոնց ընթացքում կողմերը փորձում են ընդհանուր եզրեր գտնել եւ ենթադրվում է, որ կգա մի պահ, եթե հաջողվի, որ բանակցային ձեւաչափը կփոխվի, Ստեփանակերտը կընդգրկվի բանակցային գործընթացի մեջ եւ այն հարցերը, որոնք մտահոգում են Լեռնային Ղարաբաղին, կներկայացվեն կողմերին եւ համանախագահներին: Այսինքն մենք չենք կարծում, որ առանց մեզ հնարավոր կլինի լուծել կամ կարգավորել որեւէ հարց, քանի որ դա անհնար է: «Ոչ ոք չի ենթադրում, որ վերջնական կարգավորումը հնարավոր է առանց բանակցություններին մեր անմիջական մասնակցության», - հայտարարել է Արկադի Ղուկասյանը:

Անդրադառնալով բանակցային գործընթացում Ստեփանակերտի ընդգրկման ժամանակային շրջանակներին` ԼՂՀ նախագահը նշել է, որ Ղարաբաղը «վաղուց է հանդիսանում բանակցային կողմ, ուղղակի այսօրվա դրությամբ բանակցային գործընթացը չի գնում Մինսկի գործընթացի շրջանակներում»: Նրա խոսքերով, կան ձեւական դժվարություններ, երբ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում, հայտարարելով, թե չի ցանկանում բանակցել Ղարաբաղի հետ եւ համանախագահները ստիպված ընդունում են այդ վերջնագիրը, չնայած որ հասկանում են, որ առանց ԼՂՀ-ի խնդիրը չի կարող կարգավորվել: «Համանախագահներին ուղղված իմ հարցերից մեկն այն էր, որ պաշտոնական Բաքուն, եթե իրոք ցանկանում է կարգավորել հարցը, ինչո՞ւ չի բանակցում Ղարաբաղի հետ, քայլեր չի ձեռնարկում վստահության մթնոլորտ ստեղծելու համար»,-ամփոփել է ԼՂՀ նախագահը: