14 դեկտեմբերի 2005 - 19:56 AMT
Ա.Ղուկասյան. Այն, որ Երեւանը չի ճանաչել ԼՂՀ-ն, կարելի է գնահատել որպես զիջում
Այսօրվա դրությամբ կա երկու հիմնական հարց` ղարաբաղյան խնդրի կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո: «Այդ գործընթացները եւ կապված են, եւ կապված չեն իրար հետ: Մենք այժմ քննարկում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, մեր հարաբերությունների կարգավորման հնարավորությունները: Ինչ վերաբերում է մեր անկախությանը, ապա ասյտեղ ոչ մի խնդիր չկա: Մենք ելնում ենք նրանից, որ Ղարաբաղում արդեն անցկացվել է հանրաքվե: Այսօր, երբ մենք գնահատում ենք հանրաքվեի հարցը, մենք ի նկատի ունենք լրացուցիչ հանրաքվե, ոչ թե նորը: Սակայն մենք կառուցում ենք մեր կյանքը, ելնելով այն բանից, որ ԼՂՀ ժողովուրդը հանրաքվեում որոշում է կայացրել իր անկախության մասին»,-նշել է ԼՂՀ ղեկավարը:

«Կա Ղարաբաղի դիրքորոշումը, Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները: Խոսքը գնում է այն մասին, թե արժե արդյո՞ք շփման կետեր որոնել, թե յուրաքանչյուրը պետք է մնա իր կարծիքին: Ես ելնում եմ նրանից, որ ցանկացած երկխոսություն, ցանկացած բանակցություններ օգտակար են: Մեզ անհրաժեշտ է խոսել միմյանց հետ, թեկուզ գիտակցելու համար, որ ավելի լավ է բարեկամ հարեւան ունենալ, ոչ թե թշնամի: Բանակցությունները միշտ են անհրաժեշտ, դրանք վարում են նույնիսկ պատերազմի ժամանակ»,-ավելացրել է նա: Նրա խոսքերով, հանրաքվեի արդյունքները Լեռնային Ղարաբաղում ակնհայտ են եւ հստակ: Այսօր միջազգային հանրությունը առաջարկում է անցկացնել եւս մեկ հանրաքվե, հայտարարել է Ա.Ղուկասյանը` նշելով, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է նշանակում հանրաքվե: «Ցավոք այն հանրաքվեի արդյունքները մինչ օրս չեն ճանաչվել ոչ Ադրբեջանի, ոչ միջազգային հանրության կողմից: Եթե այսօր շանս կա, որ Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը կճանաչեն հանրաքվեի արդյունքները, ես գտնում եմ, որ իմաստ կա քննարկելու նրա անցկացման հարցը»,-ընդգծել է ԼՂՀ ղեկավարը:

Մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե, այն, որ Հայաստանը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նույնպես Երեւանի զիջումներից մեկն է` Ա.Ղուկասյանը նշել է, որ համաձայն է այդ հայտարարության հետ: «Կարծում եմ, որ Հայաստանը իսկապես կարող էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ դա որոշ չափով կարելի է դիտարկել որպես զիջում»,-ամփոփել է Արկադի Ղուկասյանը: