8 մայիսի 2013 - 11:51 AMT
Վերահաշվարկ. ԲՀԿ-ի ձայները նվազել են 14-ով, «Բարև, Երևանինն» ու ՀԱԿ-ինը` 1-ով, ՀՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ ձայներն ավելացել են

Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում երեկ առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Երեկ իրականացված 31 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 12 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել, մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը չի փոխվել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 14-ով, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 2-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 5-ով, «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է մեկով: Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 3-ով:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

Ավելացնենք, որ ձայների վերահաշվարկի պահանջով ԿԸՀ էին դիմել ՀԱԿ-ն ու «Բարև, Երևանը»: