8 մայիսի 2013 - 12:42 AMT
Պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի դպրոցներում կստեղծվեն բանավեճի ակումբներ

Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել էր դասընթաց ուսուցանողների համար, որին մասնակցում էին Գավառի դպրոցների բարձր դասարանների աշակերտները: Վերջիններիս ցանկությամբ քննարկաման համար ընտրվել էին հետևյալ երկու թեմաները՝ «Կանանց և երեխաների բռնությունը ընտանիքում» և «Ծնողները որպես «պատասխանատուներ» երեխաների կողմից կատարված հանցագործությունների համար»:

Հանդիպման ընթացքում Պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները մասնակիցներին ներկայացրեցին զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքները, թե ընտանեկան բռնությունից պաշտպանվելու ինչ հնարավորություններ ունեն նրանք և ում կարող են դիմել նման դեպքերում համապատասխան խորհրդատվություն և օգնություն ստանալու նպատակով: Նրանք տեղեկացան նաև, թե ոստիկանության, դատախազության և այլ պետական մարմինների ներկայացուցիչներն ինչ պարտականություններ ունեն այս հարցում, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, ոստիկանության առանձին աշխատակիցներ անտեսում են իրենց դիմած բռնության զոհին և համապատասխան մոտեցում չեն ցուցաբերում նրան: Կարծիքներ փոխանակվեցին նաև այն մասին, թե որքանով են ծնողները պատասխանատու իրենց երեխաների կատարած հանցանքների կամ զանցանքների համար:

Ներկաները ծանոթացան, թե ինչ դեր ունի Մարդու իրավունքների պաշտպանը ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության հարցում, և որ դեպքերում կարելի է դիմել նրան: Դասընթացի ավարտին երեխաներին բաժանվեցին տեղեկատվական գրքույկներ և բուկլետներ, որտեղ մանրամասն նկարագրվում են ընտանեկան բռնության կամ այլ իրավունքների ոտնահարման դեպքում Պաշտպանին դիմելու կարգն ու միջոցները: Նշվեց նաև Պաշտպանի 116 թեժ գծի մասին, որին հնարավոր է ահազանգել յուրաքանչյուր խախտման դեպքում:

Ստացված գիտելիքները աշակերտները այնուհետև պետք է փոխանցեն իրենց կրտսեր ընկերներին, ծանոթացնեն նրանց իրենց բոլոր իրավունքներին և պարտականություններին: Այդ նպատակով ծրագրի երկրորդ փուլով Պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի դպրոցներում կստեղծվեն բանավեճի ակումբներ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: