8 մայիսի 2013 - 12:44 AMT
ՀԱԷԿ-ի նոր սեյսմիկ կայաններն արդեն փորձարկման փուլում են

Ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի շուրջ 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրման գործընթացը։ Անգլիական արտադրության «Guralp» մակնիշի նորագույն կայանները ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությանն է տրամադրել ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ներկա փուլում կատարվում են փորձարարական աշխատանքներ` ՍՊԾ Ազգային մոնիթորինգային ցանցի դիտակետերում սեյսմիկ աղմուկները գրանցելու, ստացված տվյալները վերլուծելու և իրական ժամանակում հաղորդելու ուղղությամբ:

Ստուգողական չափումների նպատակն է ընտրել ընդունված պահանջներին բավարարող դիտակետեր, որտեղ աշխատանքների հաջորդ փուլում կտեղադրվեն մշտապես գործող սեյսմիկ կայաններ:

Նախատեսվում է, որ ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն: Ստուգողական չափումներն արդեն անցկացվել են «Մեծամոր», «Լեռնագոգ», «Ամբերդ», «Արուճ-1», «Արուճ-2», «Վանանդ», «Վարդանաշեն», «Դվին», «Կապուտան» և «Փարաքար» դիտակետերում: